Բելառուսին չպետք է հանդիմանել Ադրբեջանին զենք վաճառելու համար. Լուկաշենկո

Ես նաեւ հայերին եմ առաջարկել, նրանք ասացին՝ հարկավոր չէ
լուկաշենկո

  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնելէ, որ Բելառուսին չպետք է հանդիմանել Ադրբեջանին զենք վաճառելու համար: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Նրա խոսքով՝ «Պոլոնեզ» հրթիռային համալիրների փորձակմանը Բելառուս է հրավիրել թե՛ հայերին, թե՛ ադրբեջանցիներին, թե՛ ռուսներին, եւ նրանք հնարավորություն ունեին համոզվելու, որ դա իսկապես բարձր ճշգրտության զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են՝ վաճառեք, իսկ մենք պետք է դրա համար վերցրած վարկը վերադարձնենք: Եվ ես այդ ժամանակ ասացի, որ ադրբեջանցիներին կվաճառեմ: Հայերին էլ առաջարկեցի համանման համալիր: Հայերը հրաժարվեցին՝ վկայակոչելով այն, որ ռուսական «Իսկանդեր» ունեն, այն շքերթի ժամանակ ցուցադրել են: Եվ մենք ադրբեջանցիների խնդրանքով նրանց համար համալիրը հասցրեցինք պատրաստել շքերթին: Ահա թե որն է, հավանաբար, իմ մեղքը, որ ես ջանացել եմ այդ համալիրը շքերթի համար պատրաստել: Բայց չէ՞ որ ես նաեւ հայերին եմ առաջարկել, նրանք ասացին՝ հարկավոր չէ»,-ասել է նա:

Սրանից բացի, Բելառուսի նախագահն ամփոփել է՝ ասելով, թե անկախ ամեն ինչից, ինքը լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ հայերին: