Հարկ տվողը պետք է վստահ լինի, որ այդ հարկը արդյունավետ է աշխատում. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին
nik

«Հայաստանում թվում է, թե բիզնեսն ու պետությունը բարիկադի տարբեր կողմերում են, բայց բոլորը մի կողմում պետք է լինեն։ Հարկ տվողը պետք է ոչ թե ափսոսանքով տա հարկը, այլ վստահ լինի, որ այդ հարկը արդյունավետ է աշխատում, ապահովում է ճանապարհներ, անվտանգություն և արդարադատություն»,-վարչապետը ելույթ է ունեցել «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանն ագրարայինից տեխնիկական երկիր դարձնելու անհրաժեշտությանը. «Մենք պետք է ամենաբարձր արժանիքներին արժանացնենք շահույթ ստացողին։ Մենք ասում ենք, որ մեր խնդիրն ագրարայինից տեխնիկական երկիր դարձնելն է, որովհետև գյուղատնտեսության այն մշակույթը, որ մեզ մոտ կա, դրանով հեռու չես գնա։ Մեզ համար շատ կարևոր են նաև տեքստիլը, սննդի արդյունաբերությունը, ոսկերչությունը, ադամանդագործությունը։ Բայց ընդհանուր առմամբ մեր նպատակը պետք է լինի արտահանումը, քանի որ մեր շուկան փոքր է։
Ես դրա մեջ նկատի ունեմ նաև տուրիզմը, քանի որ դա ծառայությունների արտահանում է։ Հիմա կառավարության խնդիրներից մեկը հարկային օրենսդրությունն է, որի վրա աշխատանք է տարվում»։