«Վստահ ենք՝ Խաշոգջիի սպանության պատվիրատուն սաուդյան գահաժառանգն է». ամերիկացի սենատորներ

Մինչդեռ Լինդսի Գրեհեմը նշել է, որ «միայն կույրը կարող է հստակ փաստերը չտեսնել»
'Zero chance' Khashoggi murder happened without crown prince, says US senator

Ամերիկացի սենատորները Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասփելից սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության սկանդալային դեպքի վերաբերյալ ստացած գաղտնի տեղեկությունների վերլուծությունից հետո հայտարարել են՝ The Washington Post-ի սյունակագրի սպանության պատվիրատուն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալմանն է:

«Եթե թագաժառանգն արդարադատության առաջ կանգներ, ապա 30 րոպեում նրան կկալանավորեին»,-հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը:

Մինչդեռ Լինդսի Գրեհեմը նշել է, որ «միայն կույրը կարող է հստակ փաստերը չտեսնել»:

«Ակնհայտ է, որ նման մասշտաբի սպանությունը չէր կարող իրագործվել առանց թագաժառանգի իմացության ու ներգրավածության»,-շարունակել է քաղաքական գործիչը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ջինա Հասփելի հետ դռնփակ հանդիպմանը ներկա են եղել հանրապետական և դեմոկրատ բարձրաստիճան սենատորներ, որոնց, սակայն, թույլ չի տրվել հրապարակել Խաշոգջիի գործով ստացած գաղտնի տեղեկությունները:

Այնուհանդերձ՝ նրանց արձագանքն ու մեկնաբանությունները վկայում են, որ ԿՀՎ-ն Բին Սալմանի մեղքն ապացուցող փաստեր է ներկայացրել:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայք Պոմպեոն ու ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսն ավելի վաղ հայտարարել էին, որ ԿՀՎ-ն արքայազնի դեմ էական փաստեր չունի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեղինակավոր The New York Times պարբերականը հրապարակել էր Խաշոգջիի սկանդալային սպանության վերաբերյալ արված լրագրողական հետաքննության արդյունքները, համաձայն որոնց սպանությունն իրագործել է թագաժառանգի մերձավորներից մի քանիսի ղեկավարած խումբը:

 

Հայտնի է, որ լրագրողը հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ու այլևս այնտեղից դուրս չի եկել: Ավելի ուշ հայտնաբերված ապացույցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են, հետո մասնատել: Նրա դին առ այսօր չի հայտնաբերվել: