Ֆրանսիայում վերջին 10 տարվա բողոքի ամենադաժան ակցիաներն են

Մակրոնը վարչապետին կարգադրել է հանդիպել «դեղին անթև բաճկոնների» հետ ու հանդարտեցնել կրքերը
Բողոքի ակցիա Ֆրանսիայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Էդուար Ֆիլիպին կարգադրել է հանդիպել ու բանակցել «դեղին անթև բաճկոնների»՝ հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների հետ:

Ինչպես նշում է The Guardian-ը, սա տեղի է ունենում վերջին տասնամյակում Ֆրանսիայում ամենադաժան փողոցային բախումների ու բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին:

Հայտնի է, որ բենզինի գների ծրագրված թանկացման դեմ բողոքող տասնյակ հազարավոր ֆրանսիացիների ու ոստիկանների բախման հետևանքով անցած հանգստյան օրերին տուժել է ավելի քան 100 մարդ, հրկիզվել են բազմաթիվ մեքենաներ ու շինություններ:

աս

Աղբյուրը նկատում է, որ Մակրոնի պաշտոնավարման տասնութ ամսվա ընթացքում սա խոշորագույն ներքաղաքական ճգնաժամն է, որը սկսվել է նոյեմբերի 17-ից:

Այժմ Մակրոնը ցանկանում է, որ վարչապետը հանդիպի ակցիաների կազմակերպիչների, առաջնորդների հետ ու փորձի հանդարտեցնել կրքերը:

Փարիզի դատախազը տեղեկացրել է, որ իրավապահների հետ բախումների հետևանքով անազատության մեջ է շարունակում մնալ 378 մարդ, այդ թվում՝ 33 անչափահաս:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:

Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց որդեգրած քաղաքականությունից:

Հունվարի մեկից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինն ավելանալու է 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով: