«Հե՛տ բերեք նրան». Խաշոգջիին Սաուդյան Արաբիա վերադարձնելու հրամանը տրվել է դեռևս հուլիսին

Ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո
Ջամալ Խաշըգջի

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիին հայրենիք վերադարձնելու հրամանը տրվել է դեռևս այս տարվա հուլիս ամսին, այս մասին գրում է The Washington Post պարբերականը, որի թղթակիցն է եղել Խաշոգջին:

Հոդվածի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը, վկայակոչելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում աղբյուրի, հայտնում է, որ դեռևս 2017 թվականի գարնանը Սաուդյան Արաբիայի հետախուզության պաշտոնյաները լծվել են թագավորական ընտանիքի՝ աշխարհի տարբեր երկրներ փախած ընդդիմախոսներին հայրենիք վերադարձնելու գործին:

Այդպես գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդը ստեղծել է սաուդյան «Վագրերի թիմ» խմբավորումը, որն էլ զբաղվել է ընդդիմադիրների վերադարձով, երբեմն էլ՝ սպանություններով:

«Խաշոգջիի սադրիչ լրագրությունն ու Քաթարի և Թուրքիայի հետ խորացող կապերը բարկացրին գահաժառանգ արքայազնին, որն ի վերջո 2018-ի հուլիսին ասաց՝ «Հե՛տ բերեք նրան», - գրում է հեղինակը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: