ԵԽ-ն բավարար չի համարում Ադրբեջանի ջանքերը թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում

Ադրբեջանում բացահայտվել է թրաֆիքինգի ու շահագործման 258 դեպք, ևս 81 մարդ համարվում է թրաֆիքինգի հավանական զոհ
Թրաֆիքինգ

Եվրոպայի խորհրդի՝ մարդկանց առևտրի դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) բավարար չի համարում Ադրբեջանի իշխանությունների ջանքերը, որոնք ուղղված են մարդկանց թրաֆիքինգի, առևտրի ու շահագործման դեմ պայքարին։ Այս մասին ասվում է փորձագիտական խմբի եռամյա ուսումնասիրության հաշվետվության մեջ։

2014-2017 թվականներին իրականացված և այժմ ամփոփվող զեկույցի համաձայն՝ այդ թվականների ընթացքում Ադրբեջանում բացահայտվել է թրաֆիքինգի ու շահագործման 258 դեպք, ևս 81 մարդ համարվում է թրաֆիքինգի հավանական զոհ։

Թրաֆիքինգի ենթարկված ադրբեջանցիների 95 տոկոսը եղել է սեռական շահագործման զոհ։ Մյուս մասը տղամարդիկ են, որոնք շահագործվել են աշխատանքում։ Այս մարդկանց ուղարկել են հիմնականում Ռուսաստան, Թուրքիա և այլ երկրներ։

Սակայն զեկույցը եզրակացնում է, որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը թրաֆիքինգի դեպքերը չբացահայտվելու աստիճանն է, քանի որ նշված թիվը իրականում թրաֆիքինգի ենթարկվածների չնչին տոկոսն է։ Ադրբեջանի իշխանությունները հենց այդպիսի դեպքերը բացահայտելու գործում են թերանում․ չեն ստուգում ձեռնարկություններում մարդկանց աշխատանքի պայմանները՝ շահագործվո՞ւմ են նրանք, թե՞ ոչ: