Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի. Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ
Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Արագածոտնի մարզում:  Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը խոսելով առաջիկա ընտրություններից հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ:

Նա նշեց, որ պետք է բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն, և իրավապահ մարմնները հստակ հանձնարական են ստացել, որ որևէ ընտրակաշառքի փորձ ստանա կոշտ հակազդեցություն:

«Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ, ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, երբ սեփականատերերն իրենց պատկանող ընկերություններում աշխատողներին, համայնքի ղեկավարները բնակիչներին հրավիրում և փորձում են նրանց ուղղորդել կոնկրետ քվեարկություն ինչ-ինչ լծակներով: Փաշինյանը նշեց, որ այս երևույթը ևս պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից:

«Ես կարծում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ»,-ասաց նա:

Խոսելով տնտեսությունից Փաշինյանը նշեց, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց՝  ոչ արդյունավետ տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունավետ տնտեսություն:

«Գյուղատնտեսության ոլորտի անկումը շատ ցավալի է, բայց մենք գիտենք նաև դրա պատճառը: Մեր գյուղատնտեսության կառուցվածքը այնպիսին է, որ մի կարկուտը կամ, ենթադրենք, միջատները առանց մեզ նախապես տեղյակ պահելու, երբ ՀՀ տարածք են մտնում, կարող է մեր տնտեսության ցուցանիշների վրա ազդել. սա ընդհանրապես խոսում է մեր տնտեսության անլրջության մասին»,-ասաց նա՝ նշելով, որ գյուղատնտեսությունում լուրջ փոփոխություններ պետք է արվեն:

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից անցում կատարելով ոռոգման համակարգին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ առումով տարօրինակ երևույթներ են տեղի ունենում:

«Սա մի թնջուկ է, որ մենք պետք է լուծենք, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ պետք է հանգիստ թողնենք Սևանը, քանի որ երկար տարի է՝ Սևանի հետ խաղ ենք անում, և դա կարող է ունենալ աղետալի հետևանքներ: Ես չեմ ասում, որ բոլորը միանգամից կլուծվեն, բայց երևացող և նկատելի քայլերով պետք է գնանք առաջ»,- ասաց նա: