Կստեղծվի՞ համաեվրոպական բանակ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերենին մեկնաբանել է հավանականությունը
m

Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերենին՝ մեկնաբանելով համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը:

«Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: ՆԱՏՕ-ի հետ որևէ մրցակցություն չկա», - ասել է Մոգերինին:

Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ը եվրոպական բանակ չի կառուցում: «Մենք եվրոպական բանակ չենք կառուցում, մենք ներդրում ենք կատարում, որպեսզի անվտանգության առավել հուսալի, առավել ակտիվ «մատակարար» դառնանք տարածաշրջանում և աշխարհում», - հավելել է վերջինս:

Հիշեցնենք, որ համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու մասին նոյեմբերի 6-ին խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ ԵՄ-ին անհրաժեշտ է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Ավելի ուշ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է մտածի այդ գաղափարի շուրջ: