«Մինսկն ու Բաքուն մտադիր են համատեղ «յուրացնել» երրորդ երկրների շուկաները». Լուկաշենկո

Բելառուսի ղեկավարը նշել է, որ Գյանջայում արդեն հավաքվել է ավելի քան 10.000 բելառուսական տրակտոր
Ալիև-Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Մինսկն ու Բաքուն մտադիր են «համատեղ յուրացնել երրորդ երկրների շուկաները»:

Ինչպես նշում է belta.by-ն, Լուկաշենկոն ընդգծել է, որ երկու երկրներն ընդլայնված արտադրական համագործակցության համար անհրաժեշտ հիմք ունեն: Այս համատեսքում Բելառուսի ղեկավարը նշել է, որ Գյանջայում (Գանձակ) արդեն հավաքվել է ավելի քան 10.000 բելառուսական տրակտոր ու 3.500 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:

«Այսօր մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել փոխգործակցության սկզբունքորեն նոր փուլի մեկնարկին՝ երրորդ երկրների շուկաների յուրացմանը»,-ասել է Լուկաշենկոն:

Նա մանրամասնել է, որ արդեն գրեթե պատրաստ է Թուրքիայում Մինսկի ու Գյանջայի գործարանների մասնակցությամբ տրակտորների արտադրության նախագիծը:

«Ապագան այսպիսի նախաձեռնություններինն է, ու հենց դրանց վրա է պետք շեշտը դնել»,-ասել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկի ու Բաքվի համագործակցությունը հեռանկարային է նաև Ադրբեջանում էլեկտրական ավտոբուսների, վերելակների, գյուղատնտեսական կոմբայնների ու գյուղատնտեսական տեխնիկայի այլ տեսակների հավաքման, դեղագործության, հեռահաղորդակցային տեխնոլոգիաների, մշակույթի ու այլ ոլորտներում:

Բացի այդ, Լուկաշենկոն Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը Բելառուսի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի ռազմավարական գործընկեր»:

«Ադրբեջանը մեզ համար եղել է ու շարունակում է լինել հուսալի ռազմավարական գործընկեր: Մենք բարձր ենք գնահատում մեր ընկերությունն ու պատրաստ ենք նույն կերպ անկեղծ ու բաց աջակցել Եվրոպայի կենտրոնում Ադրբեջանի շահերի առաջխաղացմանը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է belta.by-ն:

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ  երկկողմ հարաբերություններում համագործակցության համար փակ թեմաներ չկան:

«Մեր համագործակցությունը երբևէ որևէ երկրի դեմ ուղղված չի եղել: Ամեն ինչ անում ենք մեր ժողովուրդների բարօրության համար: Թաքուն կամ փակ թեմաներ չկան ու երբեք չեն լինի»,-ասել է Լուկաշենկոն:

Նա վստահեցրել է, որ Մինսկը տրամադրված է առևտրատնտեսական ոլորտում կանոնավոր ու երկարաժամկետ համագործակցություն ծավալել Բաքվի հետ: