Հայաստանի հավաքականը կորուստներ ունի

2 ֆուտբոլիստ չեն մասնակցի
ՀՀ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ջիբրալթարի թիմի դեմ Ազգերի լիգայի 5–րդ տուրից հանդիպումից առաջ ունի կադրային կորուստներ։

«Լոռիի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը չի մասնակցի հանդիպմանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով: «Ալաշկերտի» պաշտպան Լևոն Հայրապետյանի մասնակցությունը ևս հարցականի տակ է: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղանը Ջիբրալթարի հետ հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով, բայց պատրաստ կլինի Լիխտենշտեյնի դեմ հաջորդ խաղին:

Ջիբրալթար - Հայաստան խաղը նոյեմբերի 16-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Խաղը կայանալու է Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հայկական թիմին հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը: