Հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 11.6%-ով, ներմուծումը` 28.6%-ով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 5.356 մլրդ դոլար, որը 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 22.4%-ով
ներմուծում

Գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում սեպտեմբերին գրանցված անկմանը զուգահեռ կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը։ Այս մասին գրել է  hetq.am-ը, նշելով, որ մասնավորապես, նվազել է արտահանումը. 2016 թվականից սկսած` արտահանումն առաջին անգամ է նվազում։

Ներկայացնում ենք հրապարակումն ամբողջությամբ.

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, այս տարվա սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 583.5 մլն դոլար, որից 186 մլն դոլարն արտահանումն է, 397.5 մլն դոլարը՝ ներմուծումը։ 2017թ. սեպտեմբերի համեմատ արտաքին առևտրի ընդհանուր ծավալը նվազել է 3.6%-ով, մասնավորապես արտահանումը նվազել է  14.8%-ով, իսկ ներմուծումն աճել է 2.7%-ով։

Արտահանման նվազումը գլխավորապես պայմանավորված է հանքահումքի  արտահանման ծավալների կրճատմամբ։ Բացի այդ, արտահանվող հայկական ապրանքների գլխավոր շուկայում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցների հերթական «խմբաքանակից» հետո, որոնք սահմանվեցին օգոստոսին, ռուբլին կրկին թուլացել է և չի բացառվում, որ դա ևս ազդել է հայկական ապրանքների արտահանման վրա։

Ամեն դեպքում, արտահանման կրճատումը տնտեսության համար բացասական ազդակ է։ Հատկապես, երբ նվազումը կտրուկ է: Եթե նվազումը շարունակվի նաև եկող ամիսներին, ինչի հետևանքով Հայաստան մտնող արտարժույթի քանակը կպակասի, դա կարող է հայկական դրամի արժեզրկման պատճառներից մեկը լինել։

Այնուամենայնիվ, եթե արտաքին առևտուրը դիտարկում ենք 9-ամսյա կտրվածքով՝ հունվար-սեպտեմբերի, ապա աճել է և արտահանումը, և ներմուծումը։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին, ըստ Վիճկոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 5.356 մլրդ դոլար, որը 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 22.4%-ով։

Հայաստանը երկու անգամ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում։ Ընդ որում՝ ներմուծումն աճում է շատ ավելի արագ տեմպերով, քան արտահանումը։

Հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 11.6%-ով

Այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի արտահանումը կազմել է 1.774 մլրդ դոլար,  որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 11.6%-ով:

 

V

 

Հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ Հայաստանի արտահանման գլխավոր հինգ շուկաներն են Ռուսաստանը, Շվեյցարիան , Բուլղարիան, Գերմանիան ու Իրաքը։  

Դեպի Ռուսաստան արտահանումը 2017թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 20.1%-ով ու կազմել 484.5 մլն դոլար։

Դեպի Շվեյցարիա արտահանումն ավելի մեծ տեմպերով է աճել՝ 30.6%-ով՝ կազմելով շուրջ 236.5 մլն դոլար։

Դեպի երրորդ շուկա՝ Բուլղարիա արտահանումը կազմել է  ավելի քան 176 մլն դոլար։ Բուլղարիան այս ընթացքում 14.1%-ով կրճատել է Հայաստանից ներմուծումը։

18.8%-ով աճել է դեպի Գերմանիա արտահանումը և կազմել  մոտ 115 մլն դոլար։

Հնգյակը եզրափակող երկիր` Իրաք, Հայաստանն այս տարվա հունվար-սեպտեմբերին արտահանել է  98 մլն դոլարի ապրանք՝ 15.9%-ով ավել, քան 2017 թվականի նույն ժամանակաշրջանում։

Տարիներ շարունակ Հայաստանի արտահանումը կենտրոնացված է մի քանի ապրանքախմբերի շուրջ։ Այս տարի էլ պատկեր նույնն է։ Հունվար-սեպտեմբերին արտահանվող հիմնական ապրանքախմբերն են հանքահումքը, պատրաստի սնունդը, ոչ թանկարժեք մետաղները,  թանկարժեք քարերն ու մետաղները։ Այս տարի նկատելիորեն ավելացել է մանածագործական իրերի արտահանումը։ Այս կենտրոնացվածության բացասական հետևանքները մշտապես զգացվում են։ Օրինակ՝ երբ հանքահումքի արդյունահանման ծավալները նվազում են, կամ միջազգային գներն ընկնում են, դրանց հետևանքով Հայաստանի արտահանման ծավալները կրճատվում են։ Այս տարվա սեպտեմբերին գրանցված անկումն, ինչպես նշեցինք, հենց հանքահումքի ծավալների կրճատմամբ է պայմանավորված։

Ներմուծումն աճել է  28.6%-ով

Արտաքին աշխարհից Հայաստանն այս տարվա հունվար-սեպտեմբերին ներկրել է 3.582 մլրդ դոլարի ապրանք, որի աճը 28.6%-ով գերազանցում է նախորդ տավա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Ըստ երկրների՝ Հայաստանի ներմուծման կազմում ևս ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Հունվար-սեպտեմբերին Հայաստան ներմուծված ապրանքների 25.7%-ը, ըստ ապրանքի ծագման երկրի, Ռուսաստանից է։ Առաջին հնգյակում Ռուսաստանին հաջորդում են Չինաստանը,  Գերմանիան, Իրանն ու Թուրքիան։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 922 մլն դոլար, որը 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 16.2%-ով։

Նկատելի աճ կա չինական և գերմանական ապրանքների ներմուծման ոլորտում։

Չինաստանից ներմուծումն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ 485 մլն դոլար, աճը՝ 45.4%:

Նույն ժամանակահատվածում Գերմանիայից ներմուծվել է 210 մլն դոլարի ապրանք, աճը՝ 56.3%:

Իրանից ներմուծումը կազմել է շուրջ 182 մլն դոլար, աճը՝ 39.6%:

Իսկ Թուրքիայից ներմուծումը՝ 173.5 մլն դոլար, աճը՝ 13.4%:

Ներմուծումն, ի տարբերություն արտահանման, ավելի դիվերսիֆիկացված է։ 

Այսպիսով, ինչպես 2017 թվականին, այս տարի ևս Հայաստանի ներմուծումն ավելի արագ տեմպերով է աճում, քան արտահանումը։ Նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովում վարչապետի ընտրության հարցը երկրորդ անգամ քննարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև ներմուծման խնդրին։  Ըստ նրա՝ աճել են այն սարքերի ու սարքավորումների ներմուծման ծավալները, որոնք ներկրվել են ներդրումային ծրագրերի շրջանակներում և չեն վերաբերում հանքարդյունաբերությանը։ Խոսքն, ըստ էության, կապիտալ ապրանքների ներմուծման մասին է։  Այլ կերպ ասած՝ այդ ապրանքների ներմուծման աճը դրական երևույթ է համարվում, քանի որ վկայում է ներդրումների ավելացման մասին։ Սակայն, դեռևս չի հրապարակվել պաշտոնական վիճակագրություն, ըստ որի կարող էինք հասկանալ՝ իսկապես ներմուծումն ավելացել է կապիտալ ապրանքների հաշվին, թե՞ ոչ։