Քեթի Փերին քննադատել է Թրամփի «անսիրտ» գրառումը

Նախագահը նման անսիրտ պատասխան տալու պատճառ չուներ, քանի որ խոսքը ոչ թե քաղաքականության, այլ հրդեհի հետևանքով իրենց տներից զրկված ամերիկացիների փրկության մասին է
Քեթի Փերի

Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում մոլեգնող ու 31 մարդու կյանք խլած անտառային հրդեհներին «միանշանակ անսիրտ» պատասխան տալու համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, երգչուհին նկատի է ունեցել նախագահի թվիթերյան գրառումն այն մասին, որ Կալիֆորնիան կարող է զրկվել դաշնային ֆինանսավորումից, քանի որ նահանգային իշխանությունները չեն կարողանում մարել ավերիչ անտառային հրդեհները:

«Կալիֆորնիայում մոլեգնող զանգվածային, մահացու ու ծախսատար անտառային հրդեհները միայն մի պատճառ կարող են ունենալ՝ անտառային «մենեջմենթը» չափազանց վատ է իրականացվում: Խելքի՛ եկեք, հակառակ դեպքում՝ այլևս ոչ մի դաշնային ֆինանսավորում»,- գրել էր Թրամփը:

Փերիի կարծիքով՝ նախագահը նման անսիրտ պատասխան տալու պատճառ չուներ, քանի որ խոսքը ոչ թե քաղաքականության, այլ հրդեհի հետևանքով իրենց տներից զրկված ամերիկացիների փրկության մասին է: