Օրը կգա բարին հետը

Երբ ես ասում էի՝ ձեր ցավը տանեմ, սիրում եմ բոլորիդ, Նիկոլ Փաշինյանը դեռ ֆեյսբուքում գրանցված չէր
նշ

lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

-Պարոն Շարմազանով, ե՞րբ եք պատրաստվում հայտնվել ֆեյսբուքում։

-Շուտով։ Օրը կգա բարին հետը։ Հասունացել է այն օրը, որ կարիք կա սոցիալական ցանցերում հասարակության հետ ավելի անմիջական ու ավելի օպերատիվ շփման համար։

-Ասում են, որ դուք  գրեթե նույն հռետորաբանությունն եք ընտրել, ինչ Նիկոլ Փաշինյանն է ընտրել։ Նույն բառապաշարով փորձում եք պատասխանել նրա՞ն։ Նա ասում է սիրում եմ բոլորիդ, Դուք էլ նույն խոսքերն էիք ընտրել։

-Երբ ես ասում էի՝ ձեր ցավը տանեմ, սիրում եմ բոլորիդ, Նիկոլ Փաշինյանը դեռ ֆեյսբուքում գրանցված չէր։ Իսկ առհասարակ, սերը քրիստոնեական ու համամարդկային է։ Թե Նիկոլ Փաշինյանի մանկության քաղաք Իջևանում, թե իմ մանկության քաղաք Ալավերդիում մարդիկ միշտ էլ իրար ասել են՝ ձեր ցավը տանեմ, սիրում եմ բոլորիդ, ձեր կյանքին մեռնեմ։ Շատ նորմալ է, որ վարչապետն էլ է օգտագործում, ես էլ եմ օգտագործում, դուք էլ օգտագործեք։ Հո հայհոյանք չենք տալիս, սիրում ենք, բարի ու լավ բառեր ենք ասում։ Ինչքան շատ այդպիսի բառեր ասենք, այնքան լավ։ Եթե մարդիկ իմ ու վարչապետի խոսքում որոշակի նմանություն են տեսել, դա էլ է լավ, որովհետև Աստված տա, գոնե բարի ու դրական էմոցիաների մեջ իշխանությունն ու ընդդիմությունը ունենան նույն բառապաշարը։

-Վաղը տեղի կունենա ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստը։ Սպասվո՞ւմ են անակնկալներ, թե ոչ։

-Ես չեմ կարող ասել, հնարավոր է անակնկալներ լինեն, հնարավոր է՝ ոչ։ Կարող է ինձ համար լինի անակնկալ, ձեզ համար չլինի։ Չգիտեմ՝ քաղաքացիները ինչ են սպասում, որ իմանամ ինչ են սպասում, կասեմ։

-Դե, օրինակ, Ձեր ռեյտինգային թեկնածուներից քանիսը կմնան ձեզ հետ, քանիսը՝ ոչ։

 -Ասեմ, իմանաք՝ ՀՀԿ-ն բոլոր տեղերում ռեյտինգային թեկնածուներ ունի։

-Երևանում նույնպե՞ս։ Ասում են՝ Երևանում ռեյտինգային թեկնածուների խնդիր ունեք։

-Բնականաբար, եթե համեմատում ենք նախորդ ընտրությունների հետ, ապա ՀՀԿ-ն այն ժամանակ նույն իրավիճակում էր, ինչ այսօր ՔՊ-ն։ Հիմա տեսնենք, մենք ունենք ռեյտինգային թեկնածուներ, որոնք պատրաստ են առաջադրվել, պարզապես մի փոքր բարդ է դառնում ընտրական գործընթացը մի պատճառով, որ ՀՀԿ-ն առաջին անգամ է 21-րդ դարում հանդես գալիս ընդդիմադիր դիրքերից։ Մենք միշտ մասնակցել ենք ընտրություններին առնվազն 40 տոկոս ստանալու ակնկալիքով։

-Իսկ հիմա ինչքա՞ն ակնկալիք ունեք։

-Ես կարծում եմ, որ եթե համապետական ցուցակը լինի ճիշտ, եթե ռեյտինգային ցուցակները լինեն ճիշտ, քննարկված, ընկալելի, այսինքն մարդիկ, որոնք ասոցացվում են ՀՀԿ-ի հետ, մարդիկ, որոնք ՀՀԿ-ական ասելով ընկալում են այդ մարդկանց, եթե այդ մարդիկ են լինելու, եթե ռեյտինգայինում էլ լինելու են մարդիկ, որոնք ոչ թե պաշտոնի համար են եկել ՀՀԿ, այլ մնացել են ՀՀԿ-ում, պաշտպանել են ու շարունակելու են պաշտպանել Աշոտի, Անդրանիկի ու Վազգենի սկսած գործը, շատ հեշտ է լինելու։ Այսինքն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի համապետական ցուցակով, ինչպիսի ռեյտինգային ցուցակներով հանդես կգանք, ինչպիսի թիմ կլինի և այլն։ Եթե լինի ճիշտ համապետական ու ճիշտ ռեյտինգային ցուցակ, նաև ճիշտ աշխատանքի դեպքում մենք ամենամեծ շանսերն ունենք երկրորդ ուժը լինելու համար։ Այսօր կա երկու բևեռ. Այն կողմում Նիկոլ Փաշինյանն է, այս կողմում Շարմազանովն ու Աշոտյանը, մեկ էլ Արփինե Հովհաննիսյանը։ Եթե սխալ ուղղությամբ գնանք, սխալ քարոզարշավ անենք, կարող է այլ արդյունք լինել, չեմ կարող ասել։

lragir.am