Ինչո՞ւ է Մալկոմը քիչ խաղաժամանակ ստանում «Բարսելոնայում»

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դժգոհ է բրազիլացու գործողություններից պաշտպանողական օղակում
Մալկոմ

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» նորեկ Մալկոմի քիչ խաղաժամանակ ստանալու պատճառը: Պարզվում է, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դժգոհ է բրազիլացու գործողություններից պաշտպանողական օղակում:

«Ես զրուցել եմ մարզչի հետ և նա ինձ խորհուրդ է տվել ավելի շատ աշխատել պաշտպանողական ուղղվածությամբ և բարելավել խաղս այդ ասպեկտում» ,- Catalunya Radio-ին տված հարցազրույցում խոստովանել է Մալկոմը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մալկոմն իր առաջին գոլն է հեղինակել կատալոնական ակումբի կազմում: Դա տեղի է ունեցել ֆուտբոլիստի փոխարինման դուրս գալուց ընդամենը 2 րոպե հետո: Այդ խաղում «Բարսելոնան» ոչ -ոքի խաղաց «Ինտերի» հետ: