Գևորգ Կոստանյանը գովել է Համաներման մասին նախագիծը

Շատ լավ տարբերակ է, որ անձը համաներումով ազատ արձակվի, ապա աշխատի ու հատուցի տուժողին
Գևորգ Կոստանյան

Ինչքան համաներումը մարդասիրական քայլ է հանցագործների նկատմամբ, այդքան էլ մարդասիրական պետք է լինի հանցագործություններից տուժածների նկատմամբ։ Այսօր այս մասին խորհրդարանում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հարակից զեկուցող, ՀՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

«Մենք չենք կարող հաշվի չառնել այն ծնողի կարծիքը, որի որդին հաշմանդամ է դարձել հանցագործության կատարման հետևանքով, կամ որդուն կորցրած ծնողի կարծիքը։ Օրինակ, առաջին հայացքից կարող ենք ասել՝ մի փոքր գողություն է կատարել, սակայն, մի մոռացեք, որ այդ նույն առարկայի արժեքը կարող է փոքր լինել, սակայն, տուժողի համար կենսական նշանակություն ունենա։ Ես միշտ հետևյալ օրինակն եմ բերում։ Լոռու մարզում մի ծեր կնոջից գողացել էին երկու կով, որը կենսական նշանակություն ուներ այդ ընտանիքի համար։ Հանցագործության կատարումից ընդամենը 6 ամիս անց այդ անձը համաներման արդյունքում ազատվել էր պատասխանատվությունից, իսկ տուժողը մինչև այսօր նյութական հատուցումը չի ստացել»,– ասաց նա:

Ըստ Կոստանյանի՝ շատ լավ տարբերակ է, որ անձը համաներումով ազատ արձակվի, ապա աշխատի ու հատուցի տուժողին. «Դա լավ է, եթե դու աշխատանքով ապահովում ես, բայց մենք այսօր հնարավորություն չունենք նրանց աշխատանքով ապահովելու»:

Վերջում Գևորգ Կոստանյանը հավելեց, որ սա շատ լավ նախագիծ է:

Նշենք, որ համաներման նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ ձայնով: