Վրաստանը հույս ունի բարելավել ՀՀ-ին ռուսական գազի մատակարարման տրանզիտի պայմանագիրը

Արդեն երկրորդ տարին է՝ Վրաստանի բնական գազի բալանսին չեն նախատեսվում Ռուսաստանից մատակարարումներ

Հայաստանին ռուսական գազի մատակարարման տրանզիտի նոր պայմանագրի շուրջ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։

«Այդ հարցով բանակցություններն ընթանում են։ Դրանք վարում է Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարարությունը։ Սպասենք արդյունքների։ Կարծում եմ, որ դրանք (բանակցությունները-խմբ․) շուտով կավարտվեն»,- չորեքշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բախտաձեն։

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ բանակցություններում վրացական կողմի դիրքորոշումն այն է, որ պետք է բարելավվեն Հայաստանին ռուսական գազի մատակարարման տրանզիտի պայմանագրի պայմանները։ «Գլխավորը երկրի էներգաանվտանգությունը եւ էներգետիկ անկախությունը ապահովելն է»,- ընդգծել է Բախտաձեն։

Վրաստանի եւ «Գազպրոմ էքսպորտի» միջեւ պայմանագրի համաձայն, 2017թ․ Հայաստան գազի տրանզիտը վճարվել է միայն փողով։ Ընդ որում, «Գազպրոմ էքսպորտը» երաշխավորում էր Վրաստանի տարածքով Հայաստան տարեկան 2-2,2 մլրդ խ/մ գազի փոխադրման վճարումը, ինչպես նաեւ Վրաստանին 2017-2018թթ․ գազի մատակարարումը «ճկուն պայմաններով»՝ 1000 խ/մ-ի համար 30 դոլարով ավելի ցածր, քան 2016թ․, այսինքն՝ 185 դոլար։

Ավելի վաղ Հայաստան ռուսական գազի տրանզիտից Վրաստանը ստանում էր փոխադրման ողջ ծավալի 10 տոկոսը, ինչը լիովին բավարարում էր վրացական կողմին։

Վրաստանը, որը բնական գազի իր պահանջները բավարարում է հիմնականում ներկրման հաշվին, 2019թ․ կանխատեսում է սպառման 5,8 տոկոսով աճ՝ համեմատած 2018թ․ հետ՝ մինչեւ 2 մլրդ 559,6 մլն խ/մ։ Համարիա այս ողջ ծավալը նախատեսված է ստանալ Ադրբեջանից։ Արդեն երկրորդ տարին է՝ Վրաստանի բնական գազի բալանսին չեն նախատեսվում Ռուսաստանից մատակարարումներ, որոնք 2017թ․ կազմում էին 135 մլն խ/մ՝ 10,7 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ էր։