Հազարավոր մարդիկ Մադրիդում դուրս են եկել փողոց՝ դեմ արտահայտվելու Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններին

Պեդրո Սանչեսի՝ բանակցությունների համար միջնորդ նշանակելու քայլը համեմատելի է պետական դավաճանության հետ

Մադրիդում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ մի շարք քաղաքական ուժերի հետ միասին իրենց բողոքը հայտնելու Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ տեղի ոստիկանության հաշվարկներով փողոց է դուրս եկել 45 հազար ցուցարար:

Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններին դեմ են արտահայտվում  «Ժողովրդական կուսակցություն», «Քաղաքացիներ» քաղաքական ուժերը: Վերջիններս գտնում են, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի՝ բանակցությունների համար միջնորդ նշանակելու քայլը համեմատելի է պետական դավաճանության հետ:Ավելի վաղ կատալոնական կողմը մերժել է առաջարկը և շարունակել է պնդել նոր հանրաքվե անցկացնելու հարցը: