Փորձագետ. Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումները նախապատրաստական բնույթ են կրում

Հայաստանը, իհարկե, կբարձրացնի Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության խնդիրը, բայց հանդես չի գա որպես բանակցությունների կողմ Ստեփանակերտի փոխարեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումները կրում են նախապատրաստական բնույթ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է քացաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Նրա խոսքով՝  դա անհրաժեշտ հաղորդակցություն է բանակցությունները վերսկսելու համար։

«Ալիեւ-Փաշինյան հանդիպումը հարկավոր է դիտարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստման համատեքստում։ Սակայն դրանք բանակցություններ չեն բուն հակամարտության լուծման որոնումների մասին»,- նշել է փորձագետը։ Ստեփան Սաֆարյանը ընդգծել է, որ Հայաստանը հստակ հայտարարել է, որ բանակցություններ չի վարի Ղարաբաղի փոխարեն։ «Հայաստանը, իհարկե, կբարձրացնի Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության խնդիրը, բայց հանդես չի գա որպես բանակցությունների կողմ Ստեփանակերտի փոխարեն»,- պարզաբանել է նա։