Ազատազրկված լրագրողի դիմումը՝ Նիկոլ Փաշինյանին և Նաիրա Զոհրաբյանին

Չեմ վիճարկում իմ նկատմամբ կայացրած դատարանի վճիռները, չեմ էլ խնդրում քրգործի վերանայում

Նախկին լրագրող Արմենակ Դավթյանը «Արմավիր» ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է իր նախկին գործընկերներ Նիկոլ Փաշինյանին ու Նաիրա Զոհրաբյանին:

Նրա նամակում ասվում է.

«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին Մեծարգո պարոն Փաշինյան Հարգարժան տիկին Զոհրաբյան Թող տարօրինակ չթվա որ մի նամակով դիմում եմ Ձեզ՝ երկուսիդ։

Երկար մտածելուց հետո գնացի այս քայլին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար տարիներ միասին աշխատել ենք «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2015թ-ի ապրիլի 20-ից անազատության մեջ եմ։ Մեղավոր եմ ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։

Կալանավայրում նորից՝ ակամա ներգրավվեցի նոր հանցագործության մեջ, քանի որ անազատության պայմաններում դժվար է զերծ մնալ շրջապատող անցուդարձից ։ 2018 թ. դեկտեմբերի 25-ին դատապարտվեցի ՀՀ քրօրենսգրքի 34-38-268 հոդվածի 2 մասի եւ 313 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Համակցելով չկրած պատժիս մասը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերջնական պատիժ սահմանեց 2 տարի։ Այսինքն՝ ազատության մեջ կլինեմ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։

Չեմ վիճարկում իմ նկատմամբ կայացրած դատարանի վճիռները, չեմ էլ խնդրում քրգործի վերանայում։ Ազատության մեջ լինելուց հետո՝ ես որպես լրագրող կհետաքննեմ ու գուցե նոր ի հայտ եկած հանգանմանքով հնարավոր լինի վերանայել առաջին քրգործս։ Խնդրանքս մեկն է՝ Ձեր օգնությամբ ու միջնորդությամբ, ինչու չէ՝ նաեւ երաշխավորությամբ օր առաջ լինել ազատության մեջ։ Անազատության մոտ 3 տարիները ինձ շատ բան սովորեցրին. փորձությունները հաղթահարելուց զատ՝ վերագնահատեցի մարդկային արժեքները, գիտակցեցի սխալներիս պատճառները։ Փոխվել եմ, ուղղվել, զղջացել եմ եւ ապաշխարում եմ։

2018 թվականի դեկտեմբերին «Հանրային հայացք փակ աշխարհին» լրագրողական մրցույթում՝ արժանացա ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակին։ Հանձնելով այն՝ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը կարծիք հայտնեց, որ ես վերասոցիալականացվում եմ եւ հասարակությանը վերաինտեգրվելու փուլում եմ։ Նույն մրցանակաբաշխության շրջանակներում՝«Կալանավայրը՝ կրթավայր» հոդվածս արժանացավ նաեւ « Դի Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության հատուկ մրցանակին։ Կալանավայրում զուգահեռ լրագրողական գործունեությամբ զբաղվելու, ԶԼՄ-ներում հրապարակած բացառիկ նյութերի համար արժանացա Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի շնորհակալագրի։

Պարոն Փաշինյան եւ տիկին Զոհրաբյան.Դուք բազմիցս խոսելով կալանավայրերի խնդիրների մասին՝ նշել եք, որ անհատական մոտեցում է պետք յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ։ Եվ ուրեմն՝ գուցե սկսենք ինձնից։ Օրենքի շրջանակներում խնդրում եմ Ձեր միջնորդությունն ու երաշխավորությունը պատժիս մնացած մասը կրելու բաց կալանքում կամ գուցե հանրօգուտ աշխատանքներում ընդգրկվելով։ Իրավաբան չեմ, բայց իմ կարծիքով, ՀՀ գործող օրենքները թույլ կտան որպեսզի փոխվի իմ ռեժիմը։ Հավատում եմ Ձեզ ե’ւ որպես պաշտոնյաներ, եւ թե’ գործընկերներ, եւ թե’ ընկերներ»: