«Անծանոթների բարությունը» ֆիլմը կբացի Բեռլինի 69-րդ կինոփառատոնը

Ամեն տարի Բեռլինալեի կինոսեանսներին հաճախում Է ընդհանուր առմամբ ավելի քան 300 հազար մարդ

Բեռլինի հերթական 69-րդ միջազգային կինոփառատոնը («Բեռլինալե») փետրվարի 6-ին բացվում Է դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմի ցուցադրմամբ: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Պոտսդամի հրապարակի թատրոնում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բեռլինի կինոփառատոնի ժյուրին գլխավորում Է դերասանուհի Ժուլիետ Բինոշը, որը 1997 թվականին Բեռլինալեի լավագույն դերասանուհի Էր ճանաչվել «Անգլիացի պացիենտը» ֆիլմում խաղացած դերի համար: 
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ այս տարի պատվավոր «Ոսկե արջի» դափնեկիր կդառնա բրիտանացի դերասանուհի Շառլոտա Ռեմփլինգը: Այս պարգեւը հանձնվում Է ստեղծագործական գործունեության եւ կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար: 
Բեռլինալեի հիմնական ծրագրում ներառված Է 25 երկրների 23 ֆիլմ, որոնցից 17-ը կպայքարեն գլխավոր մրցանակի համար: Փառատոնի դափնեկիրները հայտնի կդառնան փետրվարի 16-ին, նույն օրը կկայանա պարգեւատրման արարողությունը, իսկ փառատոնը կավարտվի դրանից մեկ օր հետո: 
Բեռլինի առաջին կինոփառատոնը բացվել Է 1951 թվականի հունիսի 6-ին՝ Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմի ցուցադրմամբ: Այժմ Բեռլինալեն իր հեղինակությամբ ավելի ու ավելի հաճախ Է նույն շարքում դասվում Կաննի եւ Վենետիկի փառատոների հետ: Եվ եթե ավելի վաղ գերմանական կինոփառատոնը զիջում Էր թեկուզեւ աստղային հյուրերի կազմով, ապա վերջին տասնամյակում այդ առումով բոլորովին նոր մակարդակի Է հասել: 
Հավելենք, որ ամեն տարի Բեռլինալեի կինոսեանսներին հաճախում Է ընդհանուր առմամբ ավելի քան 300 հազար մարդ, տարբեր ծրագրերում ներկայացված են հարյուրավոր ֆիլմեր, հավատարմագրում են խնդրում հազարավոր լրագրողներ ամբողջ աշխարհից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: