Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրություն է ստորագրել

Հաջորդ քայլը դաշինքի պետությունների կողմից դրա վավերացումն է

ՆԱՏՕ-ի 29 անդամ երկրների դեսպաններն ու Հյուսիսային Մակեդոնիան այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրություն են ստորագրել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այժմ արձանագրությունը կներկայացվի դաշինքի պետությունների վավերացմանը, և միայն այդ գործընթացի ավարտից հետո Հյուսիսային Մակեդոնիան կկարողանա վավերացնել արձանագրությունը: Ակնկալվում է, որ գործընթացը կավարտվի այս տարի, և դեկտեմբերին դաշինքի՝ Լոնդոնում կայանալիք գագաթաժողովում, որտեղ դաշինքը կնշի իր 70-ամյակը, Մակեդոնիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը: