Կարծում եմ՝ Արսեն Ջուլֆալակյանին չի խանգարի իր պատգամավոր լինելը. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն այսօր հանդիպել է լրագրողների հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հանդիպում է ունեցել լրագրողների հետ.

Անդրադարձ է եղել նաև Արսեն Ջուլֆալակյանին, որը Նիսի մրցաշարի ժամանակ ոսկե մեդալ էր նվաճել.

«Նախ կցանկանամ նշել, որ ինձ համար փոքր-ինչ զարմանալի էր, որ որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ ոչ թե Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանն է ոսկե մեդալ նվաճել Նիսի մրցաշարում, այլ՝ առաջին հերթին շեշտում են նրա՝ ԱԺ պատգամավոր լինելը:

Նախքան պատգամավոր դառնալը՝ Արսեն Ջուլֆալականը լուրջ սպորտային ճանապարհ է անցել, լուրջ ուսումնական ճանապարհ: Նա գերազանց ավարտել է համալսարանը, սովորել է մագիստրատուրայում, լուրջ հաջողություններ է գրանցել սպորտում: Իսկ այդ ամենի մասին չի խոսվում: Շատ պատվավոր է պատգամավոր լինելը:

Կարծում եմ՝ նման պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը: Վստահ եմ՝ իր գիտելիքներով և նվիրվածությամբ շատ օգտակար կլինի մեր ազգին ու ժողովրդին: Արսենը դպրոցում էլ համալսարանում էլ գերազանց էր սովորում, ու կարողանում էր համատեղել գերազանց մարզական կարիերայի հետ:

Կարծում եմ՝ հիմա էլ կկարողանա: Նա էներգիայով լի անձնավորություն է, կարողանում է ժամանակը ճիշտ պլանավորել, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Գիտեմ, որ մեր կառավարությունն էլ նրա հնարավորություն է տալու, օրինակ կարևոր մրցումների ժամանակ բացակայելու դեպքում, դրանք համարել հարգելի: Կարծում եմ՝ Արսենին չի խանգարի իր պատգամավոր լինելը: Նա շատ լուրջ նպատակներ ունի ու պետք է ամեն ինչ անի՝ դրանց հասնելու համար»,- ասել է Ջուլֆալակյանը: