Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանն ու Արամ Աթեշյանն Անկարայում հանդիպում են ունեցել Չավուշօղլուի հետ

Քննարկման հիմնական թեմաները հանրությանը հայտնի չեն

Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանն ու Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Աղբյուրը նշում է, որ հանդիպման նախաձեռնողը թուրքական կողմն է եղել. հայտնի է, որ ԱԳՆ-ն ավելի վաղ հրավերք է հղել Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանին:

Թեև հանդիպման առիթով պաշտոնական հայտարարություններ դեռ չեն հնչել, և քննարկման հիմնական թեմաները հանրությանը հայտնի չեն, ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի՝ տարիներ շարունակ թափուր մնացած տեղի համար ընտրությունների կազմակերպման հարցը:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ավելի քան 10 տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ, նրա փոխարեն պատրիարքի լիազորությունները պետության որոշմամբ ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ որպես պատրիարքի փոխանորդ: Ստամբուլահայ համայնքը, սակայն, երկար տարիներ պահանջում է նոր ընտրությունների անցկացում՝ ցանկանալով անձամբ ընտրել իրենց հոգևոր առաջնորդին: