Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն: Նախատեսվում է դիտարկել եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Քննարկվելու են առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման, զարգացման հարցեր։ Նախատեսվում են նաև Պուտինի առանձին հանդիպումները Փաշինյանի և Ալիևի հետ։
Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նկատեց, որ դաշտում այժմ առկա են մի շարք նախաձեռնություններ՝ բրյուսելյանը, մոսկովյանը, Ալևին էլ առաջարկում է վրացական պլատֆորմ ձևավորել․ «Սա այնքան էլ լավ նախանշան չէ։ Հայկական լրատվամիջոցներում հայտնվել են տեղեկություններ ամերիկյան պլանի մասին, ըստ որի Փաշինյանը պատրաստվում է ստորագրել խաղաղության համաձայնագիր, որտեղ առհասարակ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Որոշ տեղեկություններով՝ մոսկվոյան տարբերակով առաջարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային, ավելի լավ ժամանակաշրջանում այն լուծել։ Հիմա Սոչիում հնարավորություն կստեղծվի կողմնորոշվել՝ ո՞ր տարբերակն է կողմերին առավել ձեռնտու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ ամենայն հավանականությամբ Մոսկվան իր պլանների մասին կբարձրաձայնի և հարցն այն է՝ կընդունե՞ն դա Բաքուն ու Երևանը․ «Չնայած Ալիևն ասում է, որ մինչը տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել, բայց միանգամայն անհասկանալի է, թե ում խմբագրությամբ՝ արևմուտքի՞, թե՞ Մոսկվայի։ Թե՛ արևմուտքը և թե՛ Մոսկվան ասում են, որ նախագիծ ունեն։ Հարցն այստեղ հետևյալն է՝ ո՞ր տարբերակն է կողմերի համար ձեռնտու ու պատրա՞ստ են նրանք արդյոք փոխզիջումների։Մի շարք հայտարարություններ են հնչում, բայց ռեալ քայլեր առայժմ չկան»։
Քաղաքագետը համարում է, որ այժմ թիվ մեկ հարցն է, թե խաղաղության պայմանագիրն ում հովանու ներքո կստորագրվի․ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Մոսկվան է կանգնեցրել։ Երկրորդ՝ վերջին սահմանային միջադեպերը ևս Մոսկվայի կողմից են կանգնեցվել։Եվ առհասարակ կա մոսկովյան առաջարկությունների փաթեթ։ Իսկ արևմուտքը, որը պասիվութհուն ցուցաբերեց երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ փորձում է խոսքային դիվանագիտությամբ իր ձեռքը վերցնել նախաձեռնողականությունը։ Այժմ Լեռնային Ղարաբաղում են ռուս խաղաղապահները, Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան, մենք ունեինք ազդեցության լծակներ, իսկ իրենք՝ միայն խոսքային դիվանագիտություն։ Առայժմ մենք տեսնում ենք միայն, որ ԵՄ քաղաքացիական դիտորդներ են եկել։ Բայց եթե կողմերը պատրաստ չեն գալ համաձայնության՝ ոչ մի առաքելություն էլ չի օգնի։Քաղաքական կամք է պետք»։
Տարասովը նշում է, որ մամուլում հայտնված տեղեկությունները՝ խաղաղության պայմանագրի բովանդակության հետ կապված պայմանական բնույթ են կրում, չենք կարող վստահ լինել, որ իրականությունը հենց այդպես է․ «Մոսկվան պլան է առաջարկում, բայց չի հրապարակում փաստաթուղթը։ Համոզված եմ, որ Մոսկվայի ու Երևանի դիվանագետները գիտեն այդ առաջարկների մասին, սակայն լռում են։Մենք միայն ենթադրություններ կարող ենք անել։Մոսկովյան փորձագիտական հանրության մեջ կա ինֆորմացիա, որ մենք առաջարկում ենք Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ավելի լավ ժամանակների համար և ստորագրել խաղաղության համաձայնագիրն առանց հարցի։ Իսկ ամերիկացիները՝ հակառակը,ասում են ստորագրեք խաղաղության պայմանագիրը՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Ես իհարկե չեմ կարող պնդել, որ ամեն ինչ հենց այդպես է, բայց հիմքեր կան ենթադրելու, որ կարող է հենց այդպես էլ լինել»։
Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանին ձեռնտու կլինի ստորագրել այդ համաձայնագիրը, տնտեսական առումով էլ կարող է օգուտներ ստանալ եթե ճանապարհներն ապաշրջափակվեն․ «Ադրբեջանն էլ որոշակիորեն կհանգստանա, հետո ավելի հանդարտ պայմաններում կարող ենք քննարկել կարգավիճակի հարցը, որը կարող է նույնական լինել Սան Մարինոյի կարգավիճակին, կամ սուպեր ինքնավարություն։ Բայց որպես ինքնություն անկախ պետություն ճանաչելն առայժմ քիչ հավանական եմ համարում»,-եզրափակեց նա։
0Comments