Ալրաղացի Լյովիկը դիմել է դատարան

Մանրամասներ
ա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա պահանջում է, որ դատարանն ամբողջությամբ Լեւոն Հրաչյայի Սարգսյանին եւ Սուրեն Կորյունի Ղազարյանին արդարացնի կամ գործն ուղարկի համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ բեկանի 30.06.2022թ. դատավճիռը եւ Լեւոն Սարգսյանի նկատմամբ նշանակի ավելի մեղմ պատիժ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, Ալրաղացի Լյովիկին՝ Լեւոն Սարգսյանին դատապարտեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով: Դատարանն ավելի մեղմ պատիժ սահմանեց, քան պահանջել էր մեղադրող դատախազը: Նա պահանջել էր Լեւոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման: Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին:

Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն հանդիսացել է Լեւոն Սարգսյանը: Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, իսկ Սուրեն Ղազարյանին՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով»: