Բաքուն իր համար լուծել է շատ ավելի կարեւոր խնդիր, քան զուտ տարածքային ձեռքբերումները

Մանրամասներ
ա

Տարածքային այն կորուստները, որոնք ունեցել ենք յուրաքանչյուր ագրեսիայի դեպքով, Հայաստանի Հանրապետությանը նվազագույնը 20-30 տարի արդեն հետ են գցել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը և 2021 թվականի երկու ագրեսիաների, և 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել զուտ տարածքային առումով։ Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից։ Այսինքն՝ շատ կարևոր է արձանագրել տարածքային կորուստները քառակուսի կիլոմետրերով, բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, որևէ ուղղությամբ ինչ-որ հաջող գործողության իրականացումը չէ։ Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել ՀՀ կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանը զրկելու է կենսունակությունից, այսինքն՝ պայքարի բնականոն հնարավորությունից»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այս տեսանկյունից, հաշվի առնելով «խաղաղության պայմանագրի» մասին քննարկումները և դրանում դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացը, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն իր համար դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է։ Ավելին, ըստ Աբրահամյանի, ստեղծված իրավիճակը հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։

«Որևէ փաստաթղթով, դրա անունը կդնենք խաղաղության պայմանագիր, թե մեկ այլ փաստաթուղթ, Ադրբեջանն իրականում այլևս դելիմիտացիա-դեմարկացիայի գնալու նպատակ չունի, որովհետև Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ այնպիսի հատվածներ և դիրքավորվել է այնպիսի ուղղություններով, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է։ Տարածքային այն կորուստները, որոնց մասին խոսում ենք, յուրաքանչյուր ագրեսիայի դեպքով Հայաստանի Հանրապետությանը նվազագույնը 20-30 տարի արդեն հետ են շպրտել։ Սա գլոբալ խնդիր է Հայաստանի և Արցախի պաշտպանական և անվտանգային տեսանկյունից։ Եվ եթե թեման քննարկենք 10, 20, 30, 40, 50 տարվա կտրվածքով, Հայաստանն արդեն հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, երբ  ՀՀ-ում ու Արցախում ապրող ցանկացած անձի համար տասնամյակներով լուրջ սպառնալիքներ են կուտակված»,- հավելեց Աբրահամյանը։