Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Մանրամասներ

1

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ:

Հայաստանն ավելի վաղ նաև երկու բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էին 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։

Նշենք՝ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։