Գրեթե բոլոր վերադարձած գերիները հայտնել են խոշտանգումների մասին. ՄԻՊ

Մանրամասներ
ա

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի հետ, որից հետո  կներկայացնեն առանձին զեկույց, որտեղ կարձանագրվեն բոլոր այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նշեց նաև, որ անգամ բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել հայ զինծառայողները։

«Մեկ տղա կա, որն այս պահին հոսպիտալում է գտնվում, նրա հետ այսօր առանձնազրույց կունենանք։ Մենք առանձին զեկույց կունենանք, որի միջոցով կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենք վեր ենք հանել փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները։

Նրա խոսքով` 2020-ի 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած գերիների հետ նույնպես առանձնազրույց էին ունեցել և առանձին զեկույց են հրապարակել։ Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմի ձեռագիրը չի փոխվել։

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ զեկույցը կներկայացնեն միջազգային կառույցներին։