Նպատակ կա մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքել

Մանրամասներ

1

«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը դուրս մղել թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից, ինչպես որ հայտարարում է Նիկոլը: Ստեղծված իրավիճակում կարելի՞ է խոսել այլեւս խաղաղության օրակարգի հաստատման մասին, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել Վիգեն Խաչատրյանի հետ, ով նկատեց.

— Այդտեղ երեք հիմնահարց կա: Առաջինը` ճկուն դիվանագիտական քաղաքականություն վարել եւ ստանալ աջակցություն համապատասխան միջազգային կառույցների կողմից: Երկրորդը, դա, իհարկե, բանակի հզորացումն է: Եվ երրորդը` ներքին միասնությունն ու համախմբումը: Այդ երեք ուղղություններով պետք է աշխատել, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով դուրս մղել թշնամուն ՀՀ տարածքից:

— Այդքանով հանդերձ, ինչպե՞ս պետք է մեր տղաները կռվեն ու դիմակայեն թշնամուն, հաշվի առնելով նրանց օգտագործած գերժամանակակից զինտեխնիկան եւ մեր, մեղմ ասած, տխուր վիճակը սահմանում:

— Ամեն գնով պետք է պայքարենք, եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվում, որ բանակը զինվի ժամանակակից զինմթերքով: Դուք գիտեք, որ նաեւ եկող տարվա բյուջով բանակի ծախսերը մոտ քառասունյոթ տոկոսով ավելանում են: Բանակի կոնցեպցիան եւս փոխվում է, նախատեսվում է պրոֆեսիոնալ ծառայողներով ամրապնդել բանակը: Այսինքն, երկու ուղղություն կա ե՛ւ կրթական, սպայական կազմի, ե՛ւ զինատեսակների ապահովման:

— Իսկ այս իրավիճակում, պարոն Խաչատրյան, այլեւս խաղաղության պայմանագրի ստորագրումն ինչքանո՞վ է ակտուալ, հաշվի առնելով թշնամու նկրտումները ու պարբերական հաթաթաները:

— Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հռչակվեց, եւ այդ սկզբունքների պահպանմամբ՝ նպատակ կա մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրը կնքել: Այդ պայմանագիրը ստորագրվելու է հանուն մեր վաղվա խաղաղության, հանուն մեր տղաների անվտանգության: Այսքանը, այս հարցի վերաբերյալ:

— Նաեւ կուզենայի Ձեր գնահատականը՝ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ, որ պետք է մենք ուզենք-չուզենք երկրորդ կապիտուլյացիային գնանք:

— Բարդ խնդիրներ կան, եւ ժամանակին այն, ինչ-որ հնչեցվեց մեզ մոտ՝ խորհրդարանում եւ մի փոքր դժկամությամբ ընկալվեց, հիմա բոլորը տեսնում են, որ միջազգային հանրությունը կարեւորում է Արցախի բնակչության իրավունքների խնդիրը: Այդ առումով բոլորը միակարծիք են՝ ե՛ւ ռուսները, ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ ԱՄՆ-ն: Այսինքն, ռուսները շարունակում են պնդել, որ ի դեմս նախագահ Պուտինի, որ Արցախի հարակից տարածքներն Ադրբեջանի անբաժանելի մաս են: Դա ռուսների տեսակետն է, որոնք գտնում են, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի հեռու հեռանկարում: Հիմա կարեւորը՝ անվտանգության խնդիրները եւ իրավունքները, որ իրենք ստանձնել են, որ կերաշխավորեն, բայց, ինչպես տեսնում եք, այնքան էլ չի ստացվում: Միջազգային հանրությունը նույն կարծիքին է, որ Արցախը դա Ադրբեջանի մաս է, բայց պնդում են, որ կարգավիճակի հարցը հիմա պիտի լուծվի: Հայաստանի դիրքորոշումն է, որ պետք է քննարկել կարգավիճակի հարցը, իրավունքների հարցը, անվտանգության հարցը, որից էլ կբխի կարգավիճակը: Ադրբեջանը գտնում է, որ Արցախի հարց այլեւս գոյություն չունի, բայց մենք տեսնում ենք, որ որեւէ միջազգային կառույց, այդ թվում նաեւ Ռուսաստանը, դրա հետ չի համաձայնվում: Եվ իրականում միակ տեղաշարժը, որ նկատվում է, դա կարծես թե աստիճանաբար Բաքուն պատրաստակամություն հայտնում է քողարկված ձեւով երկխոսության մեջ մտնել Արցախի հետ: Արցախի նախագահն էլ իր հերթին ասաց, որ ճիշտ կլինի, որ իրենք ուղղակի ուղիղ երկխոսության մեջ մտնեն Բաքվի հետ:

— Լավ, իսկ Հայաստանին ի՞նչ է սպասվում:

— Պարզ է, որ Հայաստանի որեւէ միլիմետր մեր տարածքային ամբողջականությունից եւ ինքնիշխանությունից չի զիջելու: Սա է: Եվ այս մեր դիրքորոշումը միջազգային հանրության ջերմ աջակցությունն է ստանում, եւ բավականին գործնական քայլեր ենք նկատում մասնավորապես, երբ բոլորը պնդում են, որ Ադրբեջանը պիտի զորքերը հետ քաշի իր նախկին դիրքերը:

— Պարոն Խաչատրյան, ի՞նչ կասեք, որ կառավարությունը խոշոր պայմանագրեր է կնքում երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին առնչվող ընկերությունների հետ, սա ինչպե՞ս կբացատրեք եւ առհասարակ ինչպե՞ս կմեկնաբանեք նրա՝ ասուլիսում տեղ գտած մտքերը:

— Ես դրա մասին շատ եմ խոսել: Քոչարյանի որեւէ արտահայտություն իրականում անիմաստ է մեկնաբանել, որովհետեւ նախ ակնհայտ է դառնում, որ այդ մարդը շատ հեռու է իրական քաղաքականությունից: Ակնհայտ է դառնում, որ հիմնական մտահոգությունն իր սեփական անձն է, ոչ թե հայ ազգը կամ Արցախը: Եվ ցավալիորեն այդ բոլոր փորձերը՝ խուսափել պատասխանատվության այն չափից, որ նրանք կրում են այս ամենի համար, հաջողությամբ չի պսակվելու: Նրանք հետեւություն չարեցին, որ մեր հասարակությունը օբյեկտիվորեն գնահատում է նրանց սխալ քաղաքականությունը, որը մեզ բերեց այս կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց: Եվ նրանք վերադառնալու որեւէ հեռանկար չունեն, բայց չեն հասկանում: Ամեն կերպ փորձում են նորից զավթել իշխանությունը, որը ցավալիորեն անպտուղ զբաղմունք է, որը պառակտում է հասարակությանը, որը ցանկալի չի: Եվ տեսնում ենք, որ իրենք ինչպես որ ասել են մի բան, արել են այլ բան՝ լինելով իշխանության: Նորից ասում են մի բան, ենթադրում են այլ բան՝ լինելով ընդդիմություն:

— Խնդրում եմ նաեւ հարցիս սկզբնամասին պատասխանել:

— Տեսեք, այն ընկերությունները, որոնք առնչություն ունեն Քոչարյանի հետ, չի կարելի ասել, որ նրանք անպիտան գործունեություն են ծավալում Հայաստան պետության համար: Դա ճիշտ չի, մեր նպատակն ընկերություններին հետապնդելը չի, որովհետեւ այդ ընկերություն ասելով, պետք է հասկանալ ոչ միայն սեփականատեր, այլ այդ ընկերության զբաղվող գործարարության այն տեսակը, որն անհրաժեշտ է մեր հանրապետությանը, որում հազարավոր մարդիկ են աշխատում: Եթե կասկած կա, որ Քոչարյանը անօրինական է հարստացել կամ օրենքի շրջանցմամբ է այդ արել, որ դառել է ձեռնարկատիրական այդ ձեւի սեփականատեր, դրա պատասխանը պիտի տա դատարանը: Բայց դրա արդյունքում պետք է փոխհատուցվի վնասը, պատասխանատվության կանչվի մեղավորը, բայց դրանով ձեռնարկատիրական գործունեությունը չպիտի փակվի Հայաստանում, որովհետեւ դա անհրաժեշտ է ե՛ւ պետությանը, ե՛ւ հասարակությանը: Հիմա եթե մեր պարեկային ծառայությանը պետք են մեքենաներ, որոնք ներկրվում են միայն այդ ձեռնարկության կողմից, որեւէ վատ բան չկա այդ ձեռնարկության հետ պայմանագիր կնքել եւ ձեռք բերել այդ մեքենաները: Այդպես պետք չէ վրեժխնդրությամբ լցվել եւ մարդկանց հետապնդել: Իհարկե, դա ընկալվում է որպես իշխանության թուլություն, բայց դա այդպես չէ:

- Այսպիսով, մեր զրուցակիցն ուշագրավ բացահայտում կատարեց՝ պնդելով. «Ռուսների տեսակետն է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի հեռու հեռանկարում: Միջազգային հանրությունը (այն է՝ Արեւմուտքը- հեղ.) ասում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, բայց պնդում են, որ կարգավիճակի հարցը հիմա պիտի լուծվի»: Սա այն է, ինչը բազմիցս պնդել ենք: Որ ստորագրելով այդ «միջազգային հանրության» հրամցրած «խաղաղության պայմանագիրը», դրանով հենց հիմա էլ կլուծվի Արցախի հարցը՝ որպես Ադրբեջանի մաս: Գնալով ռուսների առաջարկած «խաղաղության պայմանագրին», դեռ շանս կունենանք, որ Արցախը ստանա այլ կարգավիճակ: Ու նույն պարզ հարցն է՝ իսկ ինչո՞ւ է Նիկոլը վազում «միջազգային հանրության» առաջ քաշած «խաղաղության պայմանագրի» հետեւից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։