
Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է «հայկական ընկերության»՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցի ենթարկվելու մասին տեղեկությունը։ Սոցցանցերի օգտատերերից ոմանք ներկայացնում են այդ լուրը որպես Հայաստանի կողմից Ռուսաստանին սանկցիաներից խուսափելու աջակցության հետևանք։
Գրում է fip.am -ը
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվության՝ խոսքը «Տակո» ՍՊԸ մասին է, որը գրանցված է Երևանում՝ Գարեգին Նժդեհ 1-հասցեում։
Տեղեկատվությունը հրապարակվել է որպես թարմացում՝ Ռուսաստանի հետ փոխկապակցված անձանց և ընկերությունների ցուցակում և ներկայացված է որպես ռուսական «Ռադիոավտոմատիկա» ընկերության հետ փոխկապակցված ընկերություն։
Նույն ընկերության հետ փոխկապակցված լինելու հիմքով պատժամիջոց է կիրառվել Չինական SINNO Electronic Co. ՓԲԸ-ի, չորս անհատների և մեկ ռուսական ընկերության նկատմամբ։
«Ռադիոավտոմատիկա» ռուսաստանյան «պաշտպանական գնումների» ցանց է, որը արտասահմանյան սարքավորումներ է ներկրել Ռուսաստան՝ ռուսական արտադրության ռազմական սարքավորումների համար
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ ««Ռադիոավտոմատիկան» վճարում է «Տակոյին» մասերի ներմուծման և Հայաստանի տարածքում գնումների գործընթացն իրականացնելու համար: Ավելին, և՛ «Սիննոն», և՛ «Տակոն» կապ են պահպանել իրար հետ՝ կապված «Ռադիոավտոմատիկայի» հետ իրենց աշխատանքի հետ»։
Հայաստանյան «Տակո» ՍՊԸ-ի նկատմամբ պատժամիջոցի մասին լուրը արագ շահարակվեց սոցիալական ցանցերում, ընդհուպ մինչև հայտնի ադրբեջանական լոբբիստներ Լյուք Քոֆիի և Մայք Դորանի կողմից, որոնք պնդում են, թե Հայաստանը Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա սկսած հարձակումից հետո օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։
Ըստ Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքի՝ «Տակո» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է այս տարվա ապրիլի 5-ին՝ ոմն Վադիմ Սերգեյի Վերխովցևի կողմից։ Վերխովցևը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ ընկերությունը գրանցված է Երևանի «Հայրենիք» բիզնես կենտրոնի տարածքում։ Ընկերության կամ ընկերության սեփականատիրոջ մասին այլ տեղեկություններ գտնել «Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց։
0Comments