Դա անհեթեթություն է. Հռոմի պապը կոչով դիմել է Պուտինին և Զելենսկուն

Մանրամասներ
ա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել ուկրաինական պատերազմի ֆոնին միջուկային սպառնալիքի և ռազմական էսկալացիայի առնչությամբ՝ իր կիրակնօրյա ուղերձը նվիրելով ստեղծված իրավիճակին և հորդորելով անհապաղ հրադադար հաստատել։

Ինչպես գրում է Vatican News-ը, նա դատապարտել է բռնակցումները (նկատի ունի ինքնհռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի ներառումը ՌԴ կազմ), կոչ է արել հարգել յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը և փոքրամասնությունների իրավունքները։

«Հիրավի, մարդկության համար այս սարսափելի և աներևակայելի վերքը, ապաքինվելու փոխարեն, շարունակում է ավելի շատ արյուն թափել՝ ավելի մեծ տարածման վտանգով: Ինձ տխրեցնում են այս ամիսներին թափված արյան գետերն ու արցունքները։ Ցավում եմ հազարավոր զոհերի համար, հատկապես երեխաների, ավերածությունների համար, որոնք բազմաթիվ մարդկանց ու ընտանիքների են թողել անօթևան և հսկայական տարածքներին սպառնում են ցրտով ու սովով։ Որոշ գործողություններ երբեք չեն կարող արդարացվել, երբե՛ք: Մտահոգիչ է, որ աշխարհն Ուկրաինայի աշխարհագրությունը սովորում է այնպիսի անուններով, ինչպիսիք են Բուչա, Իրպին, Մարիուպոլ, Իզիում, Զապորոժիե  և այլ տարածքներ, որոնք դարձել են աննկարագրելի տառապանքի ու վախի վայրեր:

Իսկ ի՞նչ կասեք այն փաստի մասին, որ մարդկությունը կրկին բախվել է ատոմային սպառնալիքի հետ։ Դա անհեթեթություն է։

Ինչքա՞ն արյուն պետք է հոսի, որպեսզի մենք հասկանանք, որ պատերազմը երբեք լուծում չէ, միայն ավերածություն»,- ասել է պոնտիֆիկոսը՝ ևս մեկ անգամ  հրադադարի կոչ անելով:

Հռոմի պապի համոզմամբ՝  զենքերը պետք է լռեն, կողմերը՝ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և փնտրեն ոչ թե ուժային, այլ փոխհամաձայնության, արդարացի և կայուն լուծումներ։

«Իմ կոչն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրում եմ նրան դադարեցնել բռնության և մահվան այս պարույրը նաև հանուն սեփական ժողովրդի։ Մյուս կողմից, ցավելով ուկրաինացի ժողովրդի կրած հսկայական տառապանքների համար, ես նույնքան վստահ կոչ եմ անում Ուկրաինայի նախագահին՝ բաց լինել խաղաղության լուրջ առաջարկների համար։

Յոթ ամիս տևած ռազմական գործողություններից հետո եկեք գործադրենք դիվանագիտական բոլոր միջոցները, նույնիսկ նրանք, որոնք գուցե մինչ այժմ չեն կիրառվել՝ վերջ դնելու այս սարսափելի ողբերգությանը։ Պատերազմն ինքնին սխալ է և սարսափ»,- ասել է կաթոլիկների հովվապետը: