Ղրղզստանը, Տաջիկստանի հետ բախումներից հետո, սեպտեմբերի 19-ը հայտարարել է համազգային սգո օր

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը երկուշաբթի համազգային սգո օր է հայտարարել Տաջիկստանի հետ վերջին սահմանային հակամարտությունում զոհվածների համար, հայտնում է gazeta.ru-ն։

Բատկենի և Օշի շրջանների մի քանի հատվածներում չորս օր շարունակվող զինված բախումների ընթացքում, ըստ Ղրղզստանի առողջապահության նախարարության, զոհվել է 36 մարդ, ևս 134-ը՝ վիրավորվել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հակամարտության գոտուց տարհանել է ավելի քան 136 հազար քաղաքացու։

Իր հերթին, Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շոխին Սամադին կիրակի հայտնել է, որ Ղրղզստանի կողմից Տաջիկստանի տարածքի գնդակոծության հետևանքով զոհվել է Տաջիկստանի առնվազն 38 և վիրավորվել ավելի քան 20 քաղաքացի։

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ մարտերը սկսվել են սեպտեմբերի 14-ին և ընթացել երկու երկրների ընդհանուր սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը պայմանավորվել են հրադադարի և հակամարտությունը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու շուրջ։ Սակայն նույն օրը երեկոյան ռազմական գործողությունները վերսկսվել են և շարունակվել սեպտեմբերի 17-ին ընդհանուր սահմանի առանձին հատվածներում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովի և Էմոմալի Ռահմոնի հետ՝ կողմերին կոչ անելով կանխել Ղրղզստանի և Տաջիկական սահմանի հետագա սրումը։