Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը պետք է մնա անփոփոխ․ Իրանի ԱԳ նախարար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

 

1

Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը պետք է մնա անփոփոխ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։

«Մենք հայ-իրանական սահմանը դիտարկում ենք որպես հաղորդակցության պատմական ճանապարհ, որն անհրաժեշտ է պահպանել առանց որեւէ փոփոխության»,- Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեջբերում է իրանցի նախարարին։

Անհանգստություն հայտնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Ամիր-Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել խնդրի խաղաղ եւ քաղաքական ճանապարհով կարգավորմանը։ Իրանը միշտ կարեւորել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը, ընդգծել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ տարածաշրջանը չի կարող համակերպվել նոր պատերազմի հետ, եւ հակամարտության երկու կողմերին զսպվածություն դրսեւորելու կոչ է արել։