Էդգար Ղազարյանի նպատակն է, որ Փաշինյանն առավել ամուր մնա աթոռի՞ն. հակառակը դեռ չի ապացուցել. Ագնեսա Խամոյան

Մանրամասներ
ա

MediaHub-ի հետ զրույցում “Անկախություն” շարժման առաջնորդ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր հայտարարել էր, որ «Փաշինյանը վայելում է ԱԺ բոլոր 107 պատգամավորների վստահությունը, հակառակը ոչ ոք չապացուցեց», ինչի առնչությամբ MediaHub-ը մեկնաբանություն  է խնդրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից։

«Կներեք, իհարկե, բայց եթե առաջնորդվենք Էդգար Ղազարյանի տրամաբանությամբ, երբ գնացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն իբր ընդունելու, եթե չեմ սխալվում՝ օգոստոսի 23-ին 20։00-21։00 հատվածում, այ հենց այդ ժամանակ, երբ իրեն անգամ ներս չթողեցին, չեղավ հրաժարական ու դռների մոտ Էդգար Ղազարյանը չսպառնաց ինքնահրկիզմամբ: Ստացվում է՝ չապացուցեց հակառակը, որ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր չի լցնում։ Այնպես որ ճիշտ կլինի Էդգարը ակցիային հետևած հանրությանը բացատրություն տա, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ, չէ՞ որ այդ օրը դեռ պետք է հրաժարական ներկայացրած լիներ իրեն, իսկ այսօր Ռուսաստանի նախագահի հետ բանակցեր այլ վարչապետ»,- MediaHub-ին ասել է Ագնեսա Խամոյանը:

Հարցին, թե այդուհանդերձ, ինչպես կմեկնաբանի այս հայտարարությունը, Խամոյանն արձագանքել է.

«Կներեք, բայց անլուրջ բաներ չեմ ուզում մեկնաբանել, մանավանդ, որ մեր որոշ համակիրներ մասնակցել են վերջինիս կազմակերպած ակցիային, ընդամենը որպես սոլիդարության նշան։ Ինքս ներկա չեմ եղել։ Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Ղազարյանի այս մեղադրանքը իմ այն գործընկերները, ովքեր գեղեցիկ տեքստերով կոչ էին անում մասնակցել վերջինիս կազմակերպած միջոցառմանը։ Իսկ իր մեղադրանքի մասով շատ կարճ կլինեմ՝ իմպիչմենտը պետք է լինի ճիշտ ժամանակին, որ հաջողենք, որովհետեւ անհաջողության դեպքում 6 ամիս լրացուցիչ անձեռնամխելիություն է ձեռք բերում Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե այդ ընթացքում Հայաստանի ու Արցախի հարցում հերթական խայտառակ փաստաթուղթը ստորագրի՞, Էդգար Ղազարյանի նպատակը սա՞ է, որ Փաշինյանն առավել ամուր մնա իր աթոռի՞ն։ Համենայն դեպս՝ Էդգարը հակառակը դեռ չի ապացուցել»,- հավելել է ընդդիմադիր պատգամավոր Խամոյանը: