ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի վարչապետի մասնակցությունը համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ․ ՀՀ ԱԳՆ

Մանրամասներ

1

Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Բացի այդ, առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկա է եղել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով նույնիսկ ելույթով է ունեցել։

Չոլպոն-Աթա ավանում անցկացված ԵԱՏՄ նիստից հետո 168.am–ը  ՀՀ ԱԳՆ-ին դիմել է հետևյալ հարցերով.

«1. Այսօր Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով նիստին: Հայաստանի Հանրապետությունը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, տվե՞լ է արդյոք համաձայնություն, որպեսզի Ադրբեջանն այս կարգավիճակով մասնակցի ԵԱՏՄ վերոնշյալ միջոցառմանը:

2. Խնդրում ենք նաև պարզաբանել՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ում քննարկվել է այս հարցը, և ՀՀ-ն տվե՞լ է համաձայնություն, որպեսզի Ադրբեջանը ստանա դիտորդ երկրի կարգավիճակ ԵԱՏՄ-ում:

3. Նախկինում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ նշել են, որ Երևանը դեմ է եղել այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ շրջանակում կազմակերպվող հանդիպումներին, ինչպես նաև դեմ է եղել Ադրբեջանին դիտորդ երկրի կարգավիճակ տալու հարցին: Ե՞րբ է փոխվել ՀՀ դիրքորոշումն այս հարցում ու ինչո՞ւ»:

ՀՀ ԱԳՆ-ից այսօր ստացված պատասխանի համաձայն, 2022թ. օգոստոսի 26-ին Չոլպոն-Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին հրավիրյալի կարգավիճակով 3-րդ պետությունների մասնակցությունը համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման մասին» կարգին համապատասխան:

«Հայտնում ենք նաև, որ ԵԱՏՄ այլ գործընկեր-պետությունների խնդրանքով հայկական կողմը չի խոչընդոտել Ադրբեջանի վարչապետի մասնակցությանը ընդլայնված կազմով նիստին՝ հյուրի կարգավիճակում»,- նշում են ՀՀ ԱԳՆ-ից: