Սերժ Սարգսյանի փաստաբանը հրապարակեց Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքները՝ Բադեն-Բադենի վերաբերյալ կարճված գործով

Մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «ՔՊ»-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։ Սույն գործով Խաչատուր Սուքիասյանից բացի որպես պատասխանող կողմ է նաև ՀՀ-ն՝ ի դեմս ԱԺ աշխատակազմի։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները որպես ապացույց հրապարակեցին տվյալներ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճված գործի նյութերից։ Փաստաբան Ամրամ Մակինյանն արձանագրեց, որ թիկնապահները ցուցմունքներում բացառել են հնարավորությունը, հանգամանքը, փաստը, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում այցելել է կազինոներ, բացառել են, որ պետական օդանավով գումար է տեղափոխվել։ Փաստաբանը հրապարակեց նաև Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքը, համաձայն որի՝ Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով քննիչի հարցին, ասել է, որ նման պնդում արել է Սերժ Սարգսյանի վերաբերյալ, որովհետև լսել է արտերկրում և ՀՀ-ում գտնվող իր մտերիմներից, բայց հստակ չի նշել, թե ումից, և այդ տեղեկությունն իրեն արժանահավատ է թվացել: Բայց թող իրավապահ մարմինները պարզեն: Ըստ էության, որևէ փաստական տվյալ չի ներկայացրել հարցաքննության ընթացքում։

Փաստաբան Վահագն Գրիգորյանն էլ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքի և նրա ներկայացուցչի՝ դատարանում արված հայտարարությունների մեջ հակասություններ կան, մասնավորապես, Գրիգորյանը նշեց, որ մինչ Սուքիասյանը պնդում է, որ լսել է այդ մասին, նրա ներկայացուցիչն ասել է, որ իր վստահորդը որոշակի հոդվածներ է կարդացել և, որ գնահատողական դատողություններ է արել։

Քրեական գործը կարճելու մասին որոշումը և Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքը դատարանում ներկայացնելուց հետո քննարկվեց ապացույցի՝ թույլատրելիության հարցը։ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը դատարանի հայեցողությանը թողեց այս փուլում ապացույցների գնահատումը, ինչից հետո դատարանը բարձրացրեց հարց՝ արդյո՞ք գործի վարույթը կարճելու որոշումը վերջնական է և չի կարող վերացվել, ապա՝ նշեց՝ որոշման օրինական ուժ ունենալու հանգամանքը հաստատող տվյալներ ներկայացնելու անհրաժեշտությունը։ Հայցվոր կողմի ներկայացուցիչները նշեցին, որ հսկող դատախազը հաստատել է որոշման օրինականությունը, իսկ թե արդյո՞ք որոշումը բողոքարկվել է, թե ոչ՝ դա որևէ կերպ չի նսեմացնում դրա իրավական ուժը։

Վահագն Գրիգորյանը պնդեց, որ այս ապացույցը կարող է հերքվել միայն հակառակի մասին վկայող ապացույցը ներկայացնելով։ Այսինքն՝ քանի դեռ առկա չէ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու որոշում, այս ապացույցը թույլատրելի է։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը՝ 15.50-ն։ Պատասխանող կողմը գրավոր կներկայացնի ապացույցները։