Հայտնի են միասնական նոր երթուղային ցանցի սակագները

Մանրամասներ

1

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է միասնական նոր երթուղային ցանցի սակագները: Միջմարզային երթուղիների ընդհանուր սակագներում գրեթե փոփոխություն չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրուցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը:

Այվազյանի փոխանցմամբ՝ սակագնի փոփոխություն է եղել միայն Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի դեպքում, քանի որ իրականացվել է մրցույթ: «Ունենք նոր փոխադրող, նոր օպերատոր: Իսկ գործող օրենսդրության պահանջների համաձայն՝ փոխադրողի կողմից է ներկայացվում փոխադրամիջոցի համար նախատեսվող ուղեւորավճարը. փաթեթը ներկայացնում են, հետո ժյուրին ընտրում է ամենանպատակահարմար գներով ու պայմաններով առաջարկը»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է սահմանափակվել որոշ երթուղիների՝ Երեւանից մարզեր սպասարկումը, Այվազյանը նկատեց՝ քանի որ Երեւանի քաղաքապետարանն ունի տրանսպորտային միջոցների քանակի խնդիր, բոլոր երթուղիների ուղեգծերը վերանայվել են եւ սահմանվել միայն քաղաքի վարչական շրջանների տարածքներում: Մերձքաղաքային ուղեգծերը սպասարկող երթուղիները կրճատվել են:

Վերջինս նաեւ հայտնեց, որ միասնական երթուղային ցանցն արդեն ամբողջական ներդրված է Կոտայքի եւ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքում: Արարատի մարզի համար էլ մրցույթ է անցկացվել, կա հաղթող, բայց մրցույթին մասնակցած մեկ այլ կազմակերպություն դատարանում վիճարկել է արդյունքները: Նույն խնդիրն է նաեւ Արմավիրի մարզում. հաղթող չի եղել, այնտեղ երկու մասնակից կազմակերպություններն էլ դիմել են դատարան. վիճարկվում է հանձնաժողովի որոշումը: Շիրակի մարզում եւս մրցույթ է հայտարարվել, սակայն այն չի կայացել հայտատու չլինելու պատճառով: Սեպտեմբերի 29-ին կկայանա կրկնակի մրցույթը:

Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի խոսքով՝ հայտատու չլինելու պատճառներից մեկը պահանջների խստացումներն են. տրանսպորտային միջոցների որակի առումով լրիվ այլ պահանջներ են սահմանված: «Պետք է լինի նոր տրանսպորտային միջոց, սպասարկման համար 10 տարի ժամկետ է սահմանվել: Փորձում ենք ապահովել բարձր որակ, բնականաբար, մեծ ներդրումներ է պահանջում, հայտերի քանակը դրանից կարող է պակասել կամ չլինել»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Հայաստանում միջմարզային երթուղիների ընդհանուր համակարգի ներդրումը որոշակի խոչընդոտներով ընթանալուն էլ՝ վերջինս նշեց՝ մարզերում մեկ օպերատորի կողմից կենտրոնացված սպասարկման համակարգի սպասված մեկնարկը ձգձգվում է բարդ ու ժամանակատար աշխատանքի եւ ինչ-որ տեղ արհեստածին խոչընդոտների պատճառով: Դրան է նաեւ նպաստում համայնքների խոշորացումը, քանի որ գործընթացը դեռեւս վերջնական ավարտված չէ: Մի քանի մարզերում էլ հավելյալ դժվարության ու մրցութային փուլերի ժամանակավոր սառեցմանն են հանգեցրել մրցույթին մասնակից եւ չհաղթած որոշ կազմակերպությունների իրավական դաշտ մտցնելու որոշումները:

Ռուզաննա Այվազյանը, սակայն, նշեց, որ կան կազմակերպություններ, որոնք այսօր շարունակում են սպասարկել այն մարզերը, որտեղ մրցույթների արդյունքները դեռ դատարանում վիճարկվում են և կշարունակեն այնքան՝ մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը տրվի իրավունք՝ ամբողջ մարզը սպասարկելու:

Վերջինիս վստահեցմամբ՝ մրցույթին մասնակից ընկերությունները հիմնականում տարիների փորձառություն ունեցող եւ նախկինում տարբեր երթուղիներ սպասարկող փոխադրողներ են. «Ոլորտը յուրօրինակ է, պատասխանատվությունը՝ մեծ, եւ, բնականաբար, նախապատվություն ենք տալիս դրանց, քանի որ իրենց համար ավելի հեշտ է գործընթացը կազմակերպել: Սակայն դրանք նախկինում մեկ-երկու երթուղի են սպասարկել, այժմ խոսքը մի ամբողջ համակարգի մասին է. մեծ ներդրումների ծավալ է ակնկալում: Բավականին խիստ է գնահատվում տրանսպորտային միջոցների որակը. պիտի թարմացնեն ամբողջովին»:

Ստորեւ ներկայացնում ենք միասնական նոր երթուղային ցանցի սակագները՝

  • Հրազդան - Հանքավան 500 դրամ
  • Կարենիս - Աղվերան 300
  • Չարենցավան - Բջնի 250 դրամ
  • Թեղենիք - Նոր Հաճն 250 դրամ
  • Բուժական - Եղվարդ 300 դրամ
  • Չարենցավան - Հրազդան 400 դրամ
  • Աբովյան - Զովաշեն 500 դրամ
  • Աբովյան - Սեւաբերդ 400 դրամ
  • Աբովյան - գյուղ Գողթ 500 դրամ
  • Աբովյան - Նոր Հաճն 200 դրամ
  • Հրազդան - Աբովյան 500 դրամ
  • Աբովյան - գյուղ Նուռնուս 250 դրամ
  • Զովունի - Աբովյան 400 դրամ
  • Եղվարդ - Աբովյան 400 դրամ
  • Աբովյան - Առինջ գյուղ  200 դրամ
  • Զովաբեր գյուղից - Բջնի գյուղ 300 դրամ
  • Չարենցավան - Հրազդան 400 դրամ
  • Աբովյան - Արգել 400 դրամ
  • Աբովյան - գյուղ Գեղաշեն 250 դրամ
  • Աղավնաձոր - Հրազդան 200 դրամ
  • Աղվարդ - Քասախ 300 դրամ
  • Աբովյան - Զովք 400 դրամ
  • Հրազդան - Ծաղկաձոր 200 դրամ
  • Լեռնանիստ - Հրազդան 250 դրամ
  • Գետամեջ - Երեւան 300 դրամ
  • Նուռնուս - Երեւան 400 դրամ
  • Արգել - Նոր Հաճն - Երեւան 300 դրամ
  • Աբովյան - Երեւան 300 դրամ
  • Գողթ - Երեւան - Գետարգել 500 դրամ
  • Նոր Հաճն - Երեւան 300 դրամ
  • Չարենցավան - Երեւան 500 դրամ
  • Հրազդան - Երեւան՝ 700 դրամ
  • Ծաղկաձոր - Երեւան 700 դրամ
  • Եղվարդ - Երեւան 300 դրամ