Բացահայտվել է հեռավար բեռնափոխադրումների կազմակերպման առանց պետական գրանցման դեպք․ տեսանյութ

Մանրամասները՝ տեսանյութում

1

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևանի Պուշկինի փողոցի   բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով` այլ երկրի ներքին շուկայում,  բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն առանց պետական գրանցման։

 Նշված տվյալներն իրացնելու համար ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության  թիվ 11` Երևանի բաժնի աշխատակիցները  ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տվյալ բնակարանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու  հանգամանքնեը պարզաբանելու  նպատակով:

Միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն,  պարզվել է, որ նշված բնակարանը բաղկացած է 3 սենյակից և 50 քմ մակերեսով սենյակում առկա են եղել սեղան աթոռներ, 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, որոնցից մի մասն օգտագործել են  աշխատակիցները։

Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, բոլոր համակարգիչները միացված են եղել  «Ռոստելեկոմ»-ի ցանցին  և գտնվում են աշխատանքային վիճակում:

Աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորների կողմից այն կանխվել է և անմիջապես իրականացվել է դեպքի վայրի պահպանում:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով, կոմիտեի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում  ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության ու քննչական վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում նաև բոլոր համակարգիչները:

Ներկայումս տարվում է նախաքննություն, շարունակվում է  նաև հետաքննություն` ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու նպատակով։

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին, մասնավորապես հեռավար կերպով՝ այլ երկրի ներքին շուկայում բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողներին, միջնորդական ծառայությունների կազմակերպիչներին, հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրությունից և միաժամանակ նախազգուշացնում, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման գործունեություն կազմակերպելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։