Բերձորից դեռ բնակիչները դուրս չեն եկել, միայն հավաքել են իրերը. Քաղաքապետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բերձորից դեռ բնակիչները դուրս չեն եկել, միայն հավաքել են իրերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը` նշելով, որ Բերձորից դուրս է գալու 170 բնակիչ:

«Դեռ հստակ չէ, որ ուղղություններով են բնակիչները գնալու, այսինքն` հստակ չէ Արցախում, թե Հայաստանում կվերաբնակեցվեն»,-ասաց նա:

Նոր միջանցքի տարածքում գտնվող հայկական գյուղերում վերաբնակեցման մասին քաղաքապետը հստակ ինֆորմացիա չուներ, սակայն նշեց, որ եթե վերաբնակեցում լինի, կարծում է ընտանիքներ կլինեն, որոնք կցանկանան ապրել այդ գյուղերում:

Անդրադառնալով  բնակավայրից դուրս գալուց հետո տներն այրելու խնդրին` քաղաքապետը նշեց, որ անվտանգային խնդիրներ կան եւ ինքը նախընտրում է, որ տները չայրեն բնակիչները:

«Բերձորին մոտ է գտնվում Եղցահող համայնքը, եւ ասենք եթե հրդեհեն, հնարավոր է հրդեհը նաեւ այնտեղ մինչեւ հասնի, եւ մի շարք անվտանգային խնդիրներ կան, որոնց մասին չէի ուզենա շատ խոսել, հրապարակման ենթակա չեն: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ տուն այրելը կապ է ունենալու փոխհատուցում տալու հետ, չեմ կարծում, որ այրեն փոխհատուցում չեն ստանալու, սակայն իմ  կարծիքը հստակ է, որ պետք չէ այրել»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ քաղաքից տարհանվում են նաեւ մշակութային կոթողները, իսկ եկեղեցու վրայի խաչքարերը հանվել են այն նկաատառումներից ելնելով, որ հետագայում չպղծվեն ադրբեջանցիների կողմից:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։