Ռուս խաղաղապահներն Աղավնոյում ուժեղացնում են իրենց ներկայությունը․ Սուրեն Պետրոսյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Այս պահին կդժվարանամ ասել, թե քանի հոգի են իմ կոչը լսելուց հետո տեղափոխվել Արցախ, խոսքն Արցախում թեկուզ 2 շաբաթով ապրելու մասին է։ Հետևաբար, ես չեմ էլ ակնկալում, որ մեր կոչը լսելուց հետո՝ միանգամից հաջորդ օրը, մարդիկ գալու են այստեղ։ Կարծում եմ՝ որոշում կայացնելու համար մարդկանցից մի քանի օր ամեն դեպքում պահանջվելու է, սակայն վստահեցնում եմ՝ շարժ արդեն կա, մարդիկ գալիս են»։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, ով օրերս իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ կազմակերպում է Բերձորի և Աղավնոյի ինքնապաշտպանություն, և կոչ արեց բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ ունեն ու գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ, որ Բերձորն ու Աղավնոն պահեն, օր առաջ գալ այնտեղ։

«Աղավնոն որևէ մեկն այս պահի դրությամբ չի լքել, բոլորն այստեղ են, մարդիկ գալիս են, կան մարդիկ, որ գալիս-մնում են, կան մարդիկ, որ գալիս-գնում են, ասում են, թե գնանք, պատրաստվենք ու գանք։ Օրինակ՝ այսօր մի աղջկա պատահական ճանապարհին հանդիպեցինք։ Ասում է՝ ոչ մեկի չեմ ճանաչում, եկել եմ մնալու, բայց չգիտեմ՝ որտեղ պետք է մնամ, լրիվ անծանոթ էր, բայց պատրաստ՝ ուսապարկով եկել էր»։

Անդրադառնալով մտահոգություններին, թե պետությունը մենակ կթողնի Աղավնոյի բնակիչներին ու նրանց, ովքեր գյուղում են՝ Պետրոսյանն ընդգծեց, որ եթե մտահոգություններով ու մտավախություններով պետք է առաջնորդվել, ապա ընդհանրապես պետք է Հայաստանից տեղափոխվել։ «Այդ դեպքում պիտի գնանք մի տեղ, որտեղ ամեն ինչ պատրաստ է, անվտանգ է, ու անելու բան չկա, կա միայն հարմարվելու խնդիր»։

Ինչ վերաբերում է զենքով պայքարելու կոչերին, նա նշեց, որ մի անգամ մեսիջ է հղել, որի բովանդակությունը հասկացողը հասկացել են․ «Բայց մինչև զենքին հասնելը դեռ անելիք կա։ Կարծում եմ՝ հիմա պետք չի շատ փակագծեր բացել։ Հասկացողը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։

Մինչ այդ պետք է հնարավորինս շատ մարդ այս մարդկանց կողքին ապրի։ Ուղղակի մարդիկ պետք է լքեն իրենց հարմարավետության տարածքը ու գան մի քանի օրով այստեղ, էս մարդկանց կողքին մնան, թեկուզ վրանների մեջ։ Եթե սա կարողանանք ապահովել, եթե սրա շուրջ համախմբում ապահովենք, ապա մենք ունենալու ենք բեկված իրականություն»։

Պետրոսյանը նաև նշեց, որ խաղաղապահներն Աղավնոյում ուժեղացնում են իրենց ներկայությունը․ «Իրականում, ես դա ասում եմ ոչ թե ի պաշտպանություն որևէ մեկի, այլ ասում եմ այն, ինչ տեսել եմ, կարող եմ նաև ապացուցել, համագյուղացիներից էլ կարող եք հարցնել, իրականում էլ մի քանի անգամ հսկողությունն ուժեղացվել է»։

Oragir.News

1