ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրեց ռազմական օգնության ամենամեծ փաթեթը

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ը նախօրեին հաստատել է Ուկրաինային 1 մլրդ դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը։ Սա 2021 թվականի օգոստոսից ի վեր ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 18-րդ փաթեթն է, հայտնել է Պենտագոնը, ինչպես նաև զենքի և տեխնիկայի միաժամանակյա խոշորագույն մատակարարումը ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից:

Ուկրաինան, մասնավորապես, կստանա HIMARS համակարգերի զինամթերք, հրետանի և ականանետեր, Javelin և AT4 հակատանկային համակարգեր, զրահապատ շտապօգնության մեքենաներ, C-4 պայթուցիկ նյութեր, զինամթերք և քանդման սարքավորումներ, բժշկական պարագաներ, այդ թվում՝ առաջին օգնության փաթեթներ, վիրակապեր, մոնիտորներ և այլ սարքավորումներ։

Ընդհանուր առմամբ, Ջո Բայդենի նախագահության սկզբից ի վեր, ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 9,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները, ավելի քան 50 երկրներում դաշնակիցների և գործընկերների հետ միասին, կենսականորեն անհրաժեշտ աջակցություն է տրամադրում Ուկրաինային, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Մենք շարունակելու ենք խորհրդակցություններն Ուկրաինայի հետ եւ տրամադրելու ենք լրացուցիչ համակարգեր եւ հնարավորություններ՝ իրավիճակը ռազմի դաշտում փոխելու և Ուկրաինայի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ ամրապնդելու համար: Մենք միասնական ենք Ուկրաինայի հետ», ասել է Բլինկենը։