Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Էրդողանին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Ողջունելով հյուրին՝ Պուտինը նշել է, որ շատ ուրախ է հանդիպման համար և կարևորել ռուս-թուրքական համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Նա նշել է, որ նախորդ տարի Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 57 տոկոսով, իսկ այս տարվա մինչև մայիս ամիսը՝ նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի։ Նա բարձր է գնահատել Թուրքիայի դերը ռուսական գազի՝ Եվրոպա արտահանման համար. «Ի տարբերություն մյուս գազատարերի՝ «Թուրքական հոսքը» աշխատում է անխափան, ռիթմիկ և առանց խոչընդոտների»։ Պուտինը նաև ընդգծել է Էրդողանի անձնական դերակատարությունը Ուկրաինական ճգնաժամի արդյունքում ցորենի արտահանման խնդրի վերաբերյալ լուծում գտնելու գործում։ Այդ կապակցությամբ նա անձնապես երախտագիտություն է հայտնել Էրդողանին. «Հույս ունեմ այսօր երկուստեք կստորագրենք մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված համապատասխան հուշագիրը»։ ՌԴ նախագահը նշել է, որ քննարկման հիմնական թեման լինելու է Սիրիական ճգնաժամը, որտեղ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը մեծ ջանքեր են գործադրել իրավիճակի նորմալացման ուղղությամբ։

Թուրքիայի նախագահ Էրդողանն արտահայտել է իր ուրախությունը Թեհրանյան հանդիպումից հետո կարճ ժամանակ անց կրկին հանդիպելու կապակցությամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների նոր էջ է բացվում։ Ըստ նրա՝ բոլոր ոլորտներում զարգացման հնարավորություններ կան. «Թուրքիայի կարծիքով՝ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում համաշխարհային ասպարեզում։ Ընդգծում եմ՝ առանձնահատուկ դեր»։

Նկատենք, որ պաշտոնական հայտարարություններում երկրների ղեկավարները չեն անդրադարձել Հարավային Կովկասին և ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։