Չինաստանը պատժամիջոցներ կսահմանի Փելոսիի դեմ. ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը կանչվել է Սպիտակ տուն

Մանրամասներ

1

Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ կկիրառեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և նրա ընտանիքի անդամների դեմ՝ Թայվան կատարած «սադրիչ այցի» պատճառով։ Այս մասին ասվում է Չինաստանի արտգործնախարարության ուրբաթ տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱԱՍ-ը:

«Փելոսիի զազրելի, սադրիչ արարքի հետ կապված՝ չինական կողմը որոշել է, համաձայն ՉԺՀ-ի համապատասխան օրենքների, պատժամիջոցներ կիրառել Փելոսիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։

Հաղորդվում է, որ Սպիտակ տունը կանչել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանին՝ դատապարտելու Թայվանի շուրջ էսկալացիան:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի օդանավը վայրէջք է կատարել Թայպեյի օդանավակայանում։ Չինաստանը հայտարարել է, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն Փելոսիի Թայվան այցի դեպքում։ Դիվանագետի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայվան ապակայունացնի իրավիճակը Թայվանի նեղուցում և հարված կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։

Չինաստանը Թայվանն իր նահանգն է համարում և դեմ է նրա ներկայացուցիչների և այն երկրների իշխանությունների միջև ցանկացած շփման, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։

Թայվանի հարցը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում առանձնակի կարևորություն է ձեռք բերել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՉԺՀ-ն ընդգծում է, որ պատմական և քաղաքական պատճառներով նմանություններ տեղին չեն, և պահանջում է չմիջամտել ներքին գործերին։ ԱՄՆ-ը, պաշտոնապես պահպանելով «մեկ Չինաստանի սկզբունքը» և չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թայպեյի հետ, ոչ միայն կապեր է պահպանում կղզու հետ, այլև պարբերաբար զենք է մատակարարում այնտեղ։