Ուկրաինան առաջին անգամ սկսում է որոշել պատերազմի ընթացքը. ISW

Մանրամասներ
ա

Ուկրաինան գրավում է ռազմավարական նախաձեռնությունը և ստիպում Ռուսաստանին վերաբաշխել ուժերը և փոխել առաջնահերթությունները՝ ի պատասխան Ուկրաինայի հակահարձակողական գործողությունների, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետներն իրենց ամենօրյա զեկույցում։

Ռուսական բանակն ավելի ու ավելի է անձնակազմ և տեխնիկա տեղափոխում Խերսոնի և Զապորոժիայի շրջաններ՝ ի վնաս Սլավյանսկի և Սեվերսկի գրավման ջանքերին, որոնք կարծես թե լքել են։ Ռուսաստանը նաև Ուկրաինայի այլ շրջաններից Ղրիմ է տեղափոխում ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ հրետանի և ավիացիա։

Նախկինում ռուսական ուժերն արդեն հետ էին քաշել կամ դադարեցրել հարձակողական գործողությունները Խարկովի և հարավային առանցքի վրա՝ Լուգանսկի շրջանի գրավմանն առաջնահերթություն տալու համար, բայց այն ժամանակ դա արեցին սեփական նախաձեռնությամբ՝ ելնելով հրամանատարական առաջնահերթություններից։

Այժմ, գրում են ռազմական վերլուծաբանները, ռուսական ուժերը կարծես թե արձագանքում են Խերսոնի շրջանում ուկրաինական հակահարձակման սպառնալիքին, այլ ոչ թե գիտակցաբար ընտրում են թիրախներ՝ իրենց ջանքերը կենտրոնացնելու համար:

Նույնիսկ այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը կասեցրեցին Կիևը գրավելու ռուսական փորձերը պատերազմի սկզբում, ռուսական բանակն ազատ էր ընտրելու, թե որտեղ կենտրոնացնի իր գործողությունները արևելքում:

Ուկրաինայի՝ Խերսոնում հակահարձակման գործողությունների նախապատրաստումը, ընդհանուր առմամբ ռուսական ուժերի կտրուկ թուլացման հետ միասին, կարծես թե թույլ են տալիս Ուկրաինային սկսել ակտիվորեն որոշել պատերազմի ընթացքն առաջին անգամ, եզրակացնում է ISW-ն։