Չինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին. Եթե Նենսի Փելոսին այցելի Թայվան, մեր բանակը ձեռքերը ծալած չի նստի

Մանրամասներ

Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան այցի դեպքում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Եթե Փելոսին այցելի Թայվան, դա կլինի կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին քաղաքականությանը... և կհանգեցնի շատ լուրջ հետևանքների: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստի», - ընդգծել է նա ճեպազրույցում։

Դիվանագետի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայվան ապակայունացնի իրավիճակը Թայվանի նեղուցում և հարված կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։

«Չինաստանն անպայման կձեռնարկի ուժեղ և արդյունավետ հակաքայլեր»,- ասել է Չժաո Լիցզյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Փելոսին, որը զբաղեցնում է ԱՄՆ կառավարության հիերարխիայի երրորդ կարևորագույն պաշտոնը, ծրագրում է օգոստոսին այցելել Թայվան։ Այս մասին հայտնել են Financial Times եւ Politico թերթերը։ Հրապարակումների համաձայն՝ նա պատրաստվում էր այց կատարել դեռ ապրիլին, սակայն չեղարկել է այն կորոնավիրուսի պատճառով։ Այս այցը կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի 25 տարվա ընթացքում առաջին այցը կղզի։

Փելոսիի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնել է Ասիա՝ այցելելու Սինգապուր, Մալայզիա, Հարավային Կորեա և Ճապոնիա։ Ամերիկացի քաղաքական գործիչը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք մտադիր է այցելել Թայբեյ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարած շրջագայության ընթացքում։

Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ-շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախել են կղզի՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր Թայբեյը պահպանել է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում է երկրների մեծ մասը, Թայվանը Չինաստանի նահանգներից մեկն է։