Արցախի հացահատիկի դաշտերում հրդեհի հետևանքով լուրջ վնասներ չկան

Մանրամասներ

Հրդեհավտանգ շրջանը մոտենում է ավարտին, հացահատիկի դաշտերում հունձի հիմնական աշխատանքները կատարվել են, բարեբախտաբար այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով արձանագրված լուրջ վնասներ չկան: Բոլոր ահազանգերը հրշեջ-փրկարարների գրագետ գործողությունների շնորհիվ կանխվել են՝ տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Ուժեղացված ծառայությանը զուգահեռ հրշեջ-փրկարարները մարզվում են, և կոփում մասնագիտական ու ֆիզիկական ունակությունները, փորձում օր-օրի առավել լավ արդյունքներ ապահովել և պատրաստ լինել օգնելու, փրկելու և ծառայելու մեր բնակիչներին։

Շրջանի հրշեջ-փրկարար մասի պետ Դավիթ Ջավադյանը դրական է գնահատում հրշեջ-հենակետերում իրականացվող շուրջօրյա ուժեղացված ծառայության ընթացքը, որի արդյունքում կարողացել են առաջադրվող խնդիրները իրականացնել բարձր մակարդակով և ապահովել անկորուստ բերքահավաք։

Հրդեհների հիմնական մասն էլ արձանագրվել է չոր խոտատարածքներում, որոնք գրագետ ու օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել են և չեն տարածվել բերքատու այգիներում ու ցանքատարածություններում։

Հրդեհավտանգ ժամանակաշրջանը դեռևս շարունակվում է, այս ընթացքում Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում հրդեհի վերաբերյալ ստացվել է 17 հաղորդում, որոնցից մեկը շինությունում, մնացած դեպքերը չոր խոտատարածքներում:

Չնայած հրշեջ-փրկարարների մշտապես զգոն են, ինչպես հրդեհավտանգ շրջանում, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում՝ կարևոր է բնակչության կողմից հակահրդեհային նորմերի ու կանոնների պահպանումը և զգոնությունը:

Մեր իսկ պատասխանատվությամբ բացառենք հրդեհների առաջացումը և խուսափենք հետագա բարդություններից: