Ալիևները խստացրել են վերահսկողությունը Ադրբեջանի կենտրոնական բանկի նկատմամբ․ Eurasianet

Մանրամասներ
ա

Կադրային վերջին փոփոխություններից հետո Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտնվել է երկրի իշխող ընտանիքի էլ ավելի խիստ հսկողության տակ։ Այս մասին գրում է ադրբեջանցի լրագրող Ուլկար Նաթիկիզին «Ադրբեջան. իշխող ընտանիքն ուժեղացնում է վերահսկողությունը կենտրոնական բանկի նկատմամբ»  վերնագրով հոդվածում։

«Բանկում փոփոխություններն սկսվեցին ապրիլին, երբ նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ նշանակեց իր ընտանիքի հավատարիմ աջակից Թալեհ Կազիմովին։ Կազիմովը 38 տարեկան է; 2015 թվականից նա բարձր պաշտոններ է զբաղեցրել «Pasha Bank»-ի ղեկավարությունում, որը տնօրինում են Ալիեւի դուստրերը՝ Արզու եւ Լեյլա Ալիեւաները՝ իրենց պապի՝ Ալիեւի աներ Արիֆ Փաշաեւի հետ միասին։ Այս նշանակումն անսպասելի էր. Կենտրոնական բանկի նախկին նախագահ Էլման Ռուստամովը այդ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից, իսկ 2020 թվականի ապրիլին նա վերանշանակվեց եւս հինգ տարի ժամկետով։

Սակայն ապրիլին Ալիեւը, առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, խորհրդարանին առաջարկել է պաշտոնանկ անել Ռուստամովին, իսկ օրենսդիրները հնազանդորեն հաստատել են այս որոշումը եւ Կազիմովին նշանակել թափուր պաշտոնում։ Ռուստամովն այնուհետեւ նշանակվել է վարչապետ Ալի Ասադովի խորհրդական, սակայն այդ ժամանակվանից որեւէ տեղեկություն չկա: Նա նշված չէ նաեւ նախարարների կաբինետի կայքում։ Օրենքի համաձայն՝  բանկը պետք է քաղաքականապես անկախ լինի, եւ շատ դիտորդներ Կազիմովի նշանակումը բացատրում են որպես Ալիեւների կողմից բանկային համակարգի վրա ճնշման ավելացում։

Հունիսի 1-ին Կազիմովի խորհրդական է դարձել Գյուլեր Փաշաեւան՝ Փաշա-Բանկի մեկ այլ բարձրաստիճան աշխատակից։ Իսկ հուլիսի 22-ին Կազիմովը բարձրացրել է Փաշաեւային այդ պաշտոնում՝ նրան նշանակելով Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն։ Նույն օրը Կենտրոնական բանկի կադրերի բաժնի նոր ղեկավար է դարձել  Օքսանա Իսմայիլովան, որը նույն պաշտոնն էր զբաղեցնում «Բրավո» սուպերմարկետում՝ «Pasha Holding»-ի խոշորագույն ձեռնարկություններից մեկում, որը միավորում է բոլոր ընտանեկան ֆիրմաները։ «ԿԲ-ն պաշտոնապես դարձել է Pasha  բանկի մասնաճյուղ։ Կեցցե՛ Փաշա Ադրբեջանը»,-մեկնաբանել են ֆեյսբուքյան օգտատերերը։