Մոսկվան կատարում է Բաքվի երկրորդ պահանջը

Մանրամասներ

1

Բաքվի ԱԳ նախարար Բայրամովն ընդունել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով» ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ «Կողմերը կարևորել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կատարումը», ասված է հաղորդագրությունում։

Խովաևը մինչև վերջերս Ռուսաստանի համանախագահն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Այն բանից հետո, երբ Լավրովը հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը չկա, Խովաեւը դարձավ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան նույնպես «վերանվանեցին» իրենց համանախագահներին, սակայն որոշ ժամանակ անց վերահաստատեցին իրենց հավատարմությունը Մինսկի խմբի մանդատին։ Ավելին, հունիսի վերջին ԱՄՆ-ը նոր համանախագահ նշանակեց։ «Էնդրյու Շոֆերը կատարել է իր խնդիրը, և Լաուրա Օկլան այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է», հայտարարել էր Պետդեպարտամենտը։

Ռուսաստանն այդպես էլ «չվերադարձավ» Մինսկի խումբ՝ պնդելով «եռակողմ համաձայնագրերը»։ Ալիևը վերջերս նախատել էր Մոսկվային այն բանի համար, որ չի կարողացել տապալել Մինսկի խումբը։ Միաժամանակ նա կոչ էր արել Մոսկվային՝ ստիպել Հայաստանին դուրս բերել զորքերը Արցախից և մոռանալ կարգավիճակի մասին։

ՀՀ իշխանությունը Ալիեւի հայտարարություններից և ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի Երևան ժամանելուց հետո հայտարարեց, որ Հայաստանից այլևս ժամկետային զինծառայողներ չեն ուղարկվելու Արցախ, իսկ պատերազմի ժամանակ այնտեղ գտնվող ստորաբաժանումները դուրս կբերվեն մինչև սեպտեմբեր։

Իսկ Բայրամովի և Խովաևի հանդիպումը պետք է ընդգծի, որ Մոսկվան կատարում է նաև Ալիևի երկրորդ պահանջը՝ Մինսկի խմբի վերաբերյալ։ Վերջերս Թբիլիսիում Բայրամովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը պնդել է խնդիրը լուծել «Մինսկի խմբի ինստիտուտի և փորձի» ներգրավմամբ։ Դրանից հետո Բաքուն Թբիլիսիում կայացած հանդիպումը անարդյունավետ է անվանել։

Սկզբնաղբյուր