Ուկրաինան ռուս-թուրքական ծուղակում․ Պուտինը նշեց Օդեսայի «հրավառությամբ»

Մանրամասներ

1

Ստամբուլում ցորենի արտահանման եւ ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ-Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա համաձայնության ստորագրումից 24 ժամ անց Ռուսաստանը հրթիռակոծեց Օդեսայի նավահանգիստը։

Խաղաղության բանակցությունների Ստամբուլյան ձեւաչափի ծուղակից վերջին պահին խուսափելով, Ուկրաինան ցորենի հարցում այնուամենայնիվ հայտնվեց ռուս-թուրքական ծուղակում։ Պաշտոնական Կիեւը իր ստորագրությունը բացատրում է հումանիտար, տնտեսական եւ այլ պատճառներով, իսկ Պուտինի հարվածը որակել է որպես «ապտակ Էրդողանին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին»։ Սա ցույց է տալիս ռուս-թուրքական համագործակցության էության թյուրըմբռնումը։ Նման կերպ, ուկրաինական իսթեբլիշմենթը ոգեւորվել էր Փառուխի իրադարձություններից, համարելով, որ «Ադրբեջանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ է բացում»։

Ռուսաստանը եւ Թուրքիան ստամբուլյան ձեւաչափի տապալումից հետո սկսեցին խաղարկել պարենային ճգնաժամի խաղաքարտը, որին ձայնակցում էին ՄԱԿ-ի չինովնիկները։ Գործարքի էությունը բավական թափանցիկ էր՝ Ռուսաստանն ապաշրջափակում է ուկրաինական երեք նավահանգիստները, որի դիմաց մեղմացվում են պատժամիջոցները սննդամթերքի եւ այլ ապրանքների արտահանման համալիր հարցերում, այդ թվում՝ բանկային ոլորտի։ Իր հերթին, Ռուսաստանը պնդում էր Թուրքիայի «խաղաղապահ միջնորդությունը» (Ռեգնում), որի ռազմածովային վերահսկողությամբ պետք է տեղի ունենար նավերի շարժը։ Թուրքիան այսպիսով հայտնվում է առանցքային դերում։

Սիրիայում, Հարավային Կովկասում ռուս-թուրքական «եռակողմ» սխեման այսպիսով փորձ է արվում կիրառել նաեւ Ուկրաինայում։ Բնականաբար, գլոբալ սովը եւ հումանիտար հարցերը ոչ մեկին չեն հետաքրքրում, դրանք մեծ մասով ուռճացված են ՄԱԿ-ի կոռումպացված չինովնիկների կողմից։ Ռուս-թուրքական համաձայնությունները հեռուն են տանում, այդ թվում՝ Ուկրաինայում «նոր իրողությունների ճանաչմանը»։ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծումը դրա նշանավորումն է։ Կկարողանա՞ Կիեւը խուսափել ծուղակից։

Սկզբնաղբյուր