Տոկիոն թույլ չի տա Պուտինին ներկա գտնվել Սինձո Աբեի հուղարկավորությանը

Մանրամասներ
ա

Տոկիոն մտադիր է թույլ չտալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկա գտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը, որը տեղ է ունենալու սեպտեմբերի 27-ին։ Այս մասին հաղորդում է Sankei պարբերականը՝ կառավարական աղբյուրներին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ նման որոշման պատճառն անհատական պատժամիջոցներն են, որոնք Ճապոնիան սահմանել է ՌԴ նախագահի դեմ։

«Սակայն դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ չեն խզվել, ուստի ռուսական կողմը կտեղեկացվի արարողության մասին»,- նշված է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Տոկիոն չի պլանավորում թուլացնել սահմանափակումները Վլադիմիր Պուտինի մուտքի համար, եթե նա հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու ցանկություն հայտնի։ Ինչպես նշվում է հոդվածում, Ճապոնիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի ակնկալում ՌԴ նախագահի այցը։

Պարբերականը նաև ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը շատ լավ է ճանաչել ճապոնացի քաղաքական գործչին և բավական մտերիմ էր նրա հետ․ վարչապետ եղած տարիներին Սինձո Աբեն բազմիցս հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հուլիսի 8-ին մահափորձի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել Նարա քաղաքում քաղաքական գործչի ելույթի ժամանակ։ Աբեն հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։